Կառավարության շենքի վերանորոգման կամ շքեղ կահավորման համար գումար ունեն, բայց մարզահամերգային համալիրի պահպանումն իրենց համար բեռ էր: Դրա համար «վիզ դրած» ուզում են ազատվել այն կառույցից, որը պատմամշակութային արժեք է: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ, այսօր ասել է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: 

 

«Մի բան ինձ շատ մտահոգում է, որ մշակույթի նախարարությունը ձայն չի հանում, ես չգիտեմ ինչ հիմնավորմամբ է մշակույթի նախարարությունը տվել է իր համաձայնությունը, կամ չի տվել, բայց այն, որ գործող կառավարությունը շատ կամայական մի վաճառք է իրականացրել, մեկ ամիս առաջ գրանցված ՍՊԸ-ին, դա հաստատ է: Այդ ՍՊԸ-ի ղեկավարն Արմեն Զավենի Գևորգյանն է, ո՞վ է այդ մարդը ինչո՞վ է հայտնի, ի՞նչ երաշխիքներ կան, որ այդ ՍՊԸ-ին են վստահում մարզահամերգային համալիրի պես կառույցը»- հարց է բարձրացնում տիկին Բախշյանը և մտահոգություն հայտնում՝ այս գործարքի տակ մեծ շահ կա, որը ոսկետար խողովակով գումարներ է տանելու որոշակի մարդկանց գրպաները: 

 

Ըստ տիկին Բախշյանի՝ հերթական անգամ հակակոռուպցիոն ծրագրի ղեկավար, գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանն այդ ոսկետար խողովակից կօգտվի, իսկ այդ ամեն ինչի մեջ ակնհայտ է կոռուպցիան:

 

«Մենք գիտենք Հայաստանում բոլոր այն անձնաց, ում մոտ մեծ հարստություն է կուտակված, բայց այս մարդու անունը չենք լսել: Հիմա պետք է պեղենք ո՞ւմ խնամին է, ո՞ւմ քավորն է, ո՞ւմ սանիկն է, ո՞ւմ փեսան է: Դժվար չէ՝ շուտով մեջտեղ կելնի և կիմանանք ով է»- ասաց Անահիտ Բախշյանը:

 

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ ՊՆ-ին պատկանող Մարզահամերգային համալիրը 30 մլն դոլարով վաճառվել է «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: