Թուրքիայում ահագնանում են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների եւ իրավապահ ուժերի միջեւ բախումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով HaberTurk-ը, անցած գիշեր Ստամբուլում PKK-ի երիտասարդական թեւի մոտ 15 անդամներ դիմակներով հարձակվել են պարեկային ծառայ ության ոստիկանական ջոկատի վրա: Միջադեպը տեղի է ունեցել Ստամբուլի եվրոպական Էսենլեր թաղամասում: Փոխհրաձգության ժամանակ սպանվել է PKK-ի 19-ամյա անդամ, երեք հոգի էլ վիրավորվել են:

 

Թուրքիայի քրդաբնակ Դիրաբեքիրի նահանգի Սիլվան քաղաքում PKK-ի երիտասարդական թեւի մարտիկներն արդեն երրորդ օրն է' ակտիվ մարտական գործողություններ են իրականացնում: Նրանք փակել են քաղաքի չորս մուտքերը, արգելափակել ճանապարհները բարիկադներով եւ խրամատներով: Վերջին մի քանի օրերի ընթացքում այդ նահանգի երկու քաղաքներում ձերբակալվել կամ սպանվել են PKK-ի 30 անդամներ:

 

Թուրքիայի արեւելյան եւ հարավարեւելյան քրդաբնակ շրջաններում այսօրվա դրությամբ 100-ից ավելի բնակավայրեր իշխանությունների կողմից անվտանգության հատուկ գոտիներ են հայտարարվել: Դրանցում, փաստորեն, ռազմական դրություն է գործում, իսկ կարգ ու կանոնին հետեւում է բանակը: Նման գոտիների զգալի մասը սահմանակից է Սիրիային եւ Իրաքին: