Ռուսաստանի Դաշնության դաշնային անվտանգության ծառայության տարածաշարջանային վարչության աշխատակիցները Կրասնոյարսկում ձերբակալել են Ադրբեջանի 19-ամյա քաղաքացու, ով սոցցանցերում գործելով կեղծ անվամբ' հրապարակայնորեն արդարացրել է ահաբեկչությունը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ռուսաստանյան «Ենիսեյ ԹՎ» հեռուստաալիքը:
Օպերատիվ-որոնողական միջոցառումների ժամանակ պարզվել է, որ անցյալ տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին սոցցանցի իր էջում նա իսլամիստների կողմից մարդկանց սպանությունների եւ մահապատիժների կադրերով տեսանյութեր է տեղադրել: Այդ կադրերը նա ուղեկցել է սպանությունների և ահաբեկչական գործողությունների կոչեր պարունակող մեկնաբանություններով: Ձերբակալված ադրբեջանցի երիտասարդի նկատմամբ միանգամից երկու քրեական գործ է հարուցվել:
«Երիտասարդն իր էջում ահաբեկչական բնույթի այդ տեսանյութերը տեղադրել է իսլամիզմի և արմատական իսլամի գաղափարները հրապարակորեն արդարացնելու, ինչպես նաև իսլամիստական կազմակերպությունների համար նոր մարտիկներ հավաքագրելու նպատակով, որոնք Ռուսաստանի Դաշնությունում և մի շարք այլ երկրներում ճանաչված են որպես ահաբեկչական»,- հեռուստաալիքին հայտնել է Դաշնային անվտանգության ծառայության ներկայացուցիչ Մարինա Մոիսեեւան: