Դոնբասում հաջողվեց կանգնեցնել հակամարտության թեժ փուլը, բայց իրադրությունը դեռևս մեծ ռիսկեր է պարունակում անվտանգության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 14-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

 

«Մեզ այժմ հաջողվեց կանգնեցնել հակամարտության թեժ փուլը, բայց իրադրությունը, ցավոք, դեռևս մեծ ռիսկեր է պարունակում անվտանգության համար: Ուստի ես քանիցս նշել եմ, որ մենք թուլանալու ոչ մի հիմք չունենք: Մենք դեռ մեծ ջանքեր պետք է գործադրենք, որպեսզի շարունակենք որակապես հանդերձել Ուկրաինայի զինված ուժերին»,- ասել է Պորոշենկոն ռազմական տեխնիկայի ցուցահանդեսի բացմանը՝ նվիրված Ուկրաինայի պաշտպանի օրվան:

 

Նախագահը հայտնել է, որ ցուցահանդեսում ներկայացված են ուկրաինական և արտասահմանյան արտադրության տեխնիկայի նմուշներ: «Այստեղ կա տեխնիկա, որը մեզ փոխանցվել է մեր դաշնակիցների ու գործընկերների կողմից… Մեզ օտարերկրյա զինվորներ հարկավոր չեն, ուկրաինացիները բավականաչափ ռազմական վարպետություն և ոգու ուժ ունեն զավթիչներից իրենց հողը պաշտպանելու համար, բայց մենք շնորհակալ ենք պաշտպանական ոչ մահաբեր այն զենքի համար, որը մենք վերջապես սկսել ենք ստանալ»,- ասել է Պորոշենկոն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: