Շարմ էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող կործանված ինքնաթիռում եղել է 17 երեխա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացել է Ռուսական ավիացիայից:

 

Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում կործանված ինքնաթիռի ուղևորների բարեկամներին օգնություն ցուցաբերելու համար ստեղծվում է հատուկ շտաբ: Այս մասին հայտնել է Պետերբուրգի սոցիալական քաղաքականության հարցերով կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Ռժանենկովը:

 

Դեպքի առնչությամբ աշխատանքներ է իրականացնում նաև Սանկտ Պետերբուրգի քաղաքապետ Գեորգի Պոլտավչենկոն:

 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Եգիպտոսում ՌԴ դեսպանությունն ուսումնասիրում է ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի հետ կապված միջադեպը:

 

Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական ուղևորափոխադրող ինքնաթիռի մասերը հայտնաբերվել են Եգիպտոսի Սինայի թերակեղզու կենտրոնում: Եգիպտոսի անվտանգության ուժերը շրջափակման են առել ինքնաթիռի կործանման վայրը, Սինայի հյուսիսում գտնվող էլ-Արիշ քաղաքից դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության 20 մեքենա: Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլը չեղյալ է հայտարարել բոլոր ծրագրված այցերը Սինայի թերակղզում ռուսական քաղաքացիական ինքնաթիռի կործանման հետ կապված: Նա հայտնել է, որ իրադրությունը վերցնում է իր անձնական վերահսկողության տակ:

 

Ավելի վաղ Ռուսական ավիացիայի աղբյուրը հայտնել էր, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող Airbus-321 ինքնաթիռը հոկտեմբերի 31-ի առավոտյան կորել է ռադարների էկրանից: Ինքնաթիռի տախտակամածին եղել է 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն անհետացել էր թռիչքից 23 րոպե անց: