Թուրքիայում ավարտվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները և հրապարակվել նախնական արդյունքները: Նախնական տվյալներով՝ ընտրատեղամասերի 93,74 տոկոսի ձայների հաշվարկով՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) կարողացել է ստանալ ձայների բացարձակ մեծամասնությունը՝ 49,54 տոկոսը, ինչը թույլ է տալիս վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորած քաղաքական ուժին ստանալ 317 պատգամավորական մանդատ և կազմել միակուսակցական կառավարություն (միակուսակցական կառավարություն կազմելու համար պահանջվում է 276 պատգամավորական մանդատ):

 

Ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) ստացել է ձայների 25,15 տոկոսը (132 պատգամավոր), «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ)՝ 11,97 տոկոսը (42 պատգամավոր) և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ)՝ 10,33 տոկոսը (59 պատգամավոր):

 

Ընտրությունների նախնական տվյալների հրապարակումից հետո երևում է, որ քեմալական կուսակցության ձայները գրեթե փոփոխության չեն ենթարկվել, փոխարենն իշխող ԱԶԿ-ն կարողացել է ձայներն ավելացնել ի վնաս ԱՇԿ-ի և ԺԴԿ-ի: Հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքներով՝ ԱԶԿ-ն ստացել էր ձայների 40,87 տոկոսը, ՀԺԿ-ն՝ 24,95 տոկոսը, ԱՇԿ-ն՝ 16,29 տոկոսը, իսկ ԺԴԿ-ն՝ 13,12 տոկոսը: Ըստ հավաքած ձայների՝ թուրքական մեջլիսում ԱԶԿ-ն ստացել էր 258 պատգամավորական մանդատ, ՀԺԿ-ն' 132, իսկ ԱՇԿ-ն և ԺԴԿ-ն' 80-ական մանդատ: Կուսակցություններին չէր հաջողվել կազմել կոալիցիոն կառավարություն, ինչի հետևանքով ամիսներ անց՝ նոյեմբերի 1-ին նշանակվել էին արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

 

Թուրքիայի իշխող կուսակցության կողմից ձայների նման մեծամասնության ապահովումը թույլ կտա երկրի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մոտ ապագայում մեջլիսի միջոցով անցկացնել իր համար այդքան ցանկալի սահմանադրական բարեփոխումների նախագիծը՝ նախագահի լիազորություններն ընդլայնելու վերաբերյալ:

 

Ուշագրավ է նաև այն, որ ԺԴԿ-ին հաջողվել է ընտրությունների արդյունքում ավելի մեծ թվով պատգամավորներ ունենալ մեջլիսում, քան ազգայնական ԱՇԿ-ն:

 

Ընտրություններին գրանցվել է ընտրողների 86.82 տոկոս մասնակցություն: