Հայ համայնքը չի կարող էապես ազդել Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների վրա, տեղի հայերի համար մեծ ազդեցություն չի էլ ունենա, թե ով կհաղթի այդ պայքարում: Հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեցին թուրքագետներ Արտակ Շաքարյանը և Հակոբ Չաքրյանը: «Այս ընտրությունները հայ համայնքի վրա չեն կարող անդրադառնալ, քանի որ հայերի նկատմամբ Թուրքիան ունի կայուն որդեգրած քաղաքականություն՝ իշխանությունը փոխվում է, սակայն, հայերի նկատմամբ վերաբերմունքը մնում է նույնը: Օրինակ` Հրանտ Դինքի սպանությունից հետո մարզադաշտերում ֆուտբոլասերները միահամուռ գոռում էին «Մենք բոլորս Օգյուն Սամաստ ենք»»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Հակոբ Չաքրյանը:
Նրա խոսքով` հայ համայնքն ընտրությունների վրա ազդել չի կարող, քանի որ այսօր Թուրքիայի բնակչությունը 78 միլիոն է, իսկ հայ համայնքը կազմում է ընդհամենը 60 հազար: Նա նաև ենթադրեց, որ հայերն իրենց ձայները կտան կամ գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, կամ քուրդ քաղաքական գործիչ Սելահեթին Դեմիրթաշին: Արտակ Շաքարյանի կարծիքով` Էքմելեդդի Իսանօղլույի' միասնական թեկնածութունը միանշանակ հաղթանակ է Թուրքիայի ընդդիմության համար, քանի որ կար կարծիք, որ ընդդիմությունը չի կարող միավորվել:
«Այս նախագահական ընտրություններում ժողովրդի մեծ մասն ընտրելու է ոչ թե հանուն, այլ ընդդեմ որևէ մեկի: Եվ ընդդիմությունը հենց այս հաշվարկով է առաջ քաշել իր թեկնածուին, քանի որ Գեզիի այգու դեպքերից, ձերբակալություններից և շանտաժներից, ինչպես նաև Էրդողանի ընտանիքի անդամների սկանդալում ներգրավվելուց հետո, մարդկանց մի մասը պատրաստ է ընտրել որևէ մեկին, բայց ոչ Էրդողանին», - նկատեց թուրքագետը:
Շաքարյանը հավելեց, որ այնուամենայնիվ ընդդիմության կողմից առաջ քաշած թեկնածուն իսլամագետ է և Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունի անչափ կտրուկ և զինվորականությանը հարիր մոտեցումներ:
Այս տարի առաջին անգամ Թուրքիայի պատմության մեջ նախագահ ընտրելու իրավունքն ընձեռնվել է ժողովրդին, մինչ այս` Թուրքիայի նախագահին ընտրում էր երկրի խորհրդարանը: Օգոստոս ամսին կայանալիք ընտրություններին մասնակցելու են երեք թեկնածու՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երկու խոշոր ընդդիմադիր կուսակցությունների' «Ժողովրդահանրապետական» ու «Ազգայնական շարժում» կուսակցությունների միասնական թեկնածու Էքմելեդդի Իսանօղլուն և քրդական ուժերի ներկայացուցիչ, «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» համանախագահ Սելահեթին Դեմիրթաշը: