ԵԱՀԿ խորհրդարանականները հաջորդ շաբաթ կմեկնեն Թուրքիա' դիտարկելու երկրի գալիք նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ԵԱՀԿ պաշտոնական կայքը:

 

Օգոստոսի 10-ին կայանալիք ընտրությունների դիտորդական առաքելության համակարգող է նշանակվել Լիտվայի խորհրդարանի պատգամավոր Վիլիջա Աբրամիկիեն, իսկ Ասա Լինդեստամը' Շվեդիայի խորհրդարանականը, կծառայի որպես ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար, որում ներգրավված է ավելի քան 20 խորհրդարանական ԵԱՀԿ անդամ 15 երկրներից:

 

«Այս ընտրությունը կլինի կարևոր իրադարձություն Թուրքիայի պատմության մեջ, քանի որ առաջին նախագահական ընտրություններն են, երբ ընտրում է ժողովուրդը: Հուսով ենք, որ Թուրքիան կցուցադրի հավատարմություն ժողովրդավարական արժեքների նկատմամբ, որոնց պետք է միշտ հետևել ոչ միայն ընտրությունների ընթացքում, այլև հասարակական կյանքի հետագա ամիսներին ու տարիներին»,- ասել է լիտվացի խորհրդարանականը:

 

Մինչ այս Թուրքիայի նախագահին ընտրում էր երկրի խորհրդարանը: Առաջին անգամ Թուրքիայի պատմության մեջ ժողովրդի կողմից նախագահ ընտրվելու կոչման համար պայքարելու են երեք թեկնածու' իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երկու խոշոր ընդդիմադիր կուսակցությունների' «Ժողովրդահանրապետական» ու «Ազգայնական շարժում» կուսակցությունների միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն և քրդական ուժերի ներկայացուցիչ, «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» համանախագահ Սելահաթին Դեմիրթաշը: