Սանկտ Պետերբուրգում սկսվել Է Եգիպտոսում տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով զոհվածների մարմինների փորձաքննությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 2-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է տարածաշրջանի արտակարգ ծառայությունների մի աղբյուր:

 

Ավելի վաղ ՌԴ առողջապահության առաջին փոխնախարար Իգոր Ղահրամանյանը հայտնել Է, որ A321 ինքնաթիռի զոհված ուղեւորների մարմինների ճանաչման ընթացակարգում գործի կդրվեն 40 դատաբժշկական փորձագետներ:

 

«Զոհվածների մարմինների փորձաքննությունն ընթանում Է դատաբժշկական փորձաքննության բյուրոյում»,-ասել Է գործակալության զրուցակիցը:

 

Զոհվածների հարազատների հետ այժմ աշխատում են հոգեբանները՝ ընդամենը 64 մասնագետ: Նրանք գտնվում են հյուրանոցում, օդանավակայանում, ինչպես նաեւ դատաբժշկական փորձաքննության բյուրոյում:

 

ՌԴ առողջապահության նախարարության հանրային առողջության եւ հաղորդակցությունների դեպարտամենտի տնօրեն Օլեգ Սալագայը հայտնել Է, որ ներկայում ապահովված Է գենետիկական փորձաքննության անցկացման հնարավորությունը: Այն վայրերում, որտեղ անցկացվում Է ողբերգության զոհերի ճանաչման ընթացակարգը, կազմակերպված Է բժիշկների եւ հոգեբանների բրիգադների հերթապահություն:

 

«Մինչ այժմ բուժօգնություն Է ցուցաբերվել ավիաաղետից զոհվածների 217 ազգականների, հոգեբանական օգնություն՝ 210 հոգու»,-նշել Է Սալագայը:

 

«Կոգալիմավիա» ռուսական ավիաընկերության A321 ինքնաթիռը, որը կատարում էր Շարմ էշ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթը, աղետի է ենթարկվել հոկտեմբերի 31-ին թռիչքից մոտավորապես կես ժամ անց Հյուսիսային Սինայի մարզի վարչական կենտրոն Էլ Արիշ քաղաքից 100 կիլոմետր հարավ ընկած շրջանում՝ Էլ Հասնա բնակավայրի մերձակայքում: Ընդամենն ինքնաթիռում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի յոթ անդամ: Նրանցից՝ ոչ ոք չի փրկվել:

 

Ուղեւորների մեծամասնությունը ռուսաստանցիներ էին: Ճշտված տվյալներով՝ Եգիպտոսում կործանված ինքնաթիռում եղել են 132 պետերբուրգցիներ, Լենինգրադի մարզի 46 բնակիչներ, Ռուսաստանի այլ տարածաշրջանների 34 բնակիչներ, Ուկրաինայի չորս եւ Բելառուսի մեկ քաղաքացի: