Ադրբեջանի ԶԼՄ-ների և սոցցանցերի հաղորդագրությունների հիման վրա Ռազմական հետազոտությունների ինստիտուտի (Խազար - Caspian Defebse Studies Institute) կողմից անցկացված մոնիտորինգի արդյունքներով 2015 թվականի անցած 10 ամիսների ընթացքում Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության հատվածում կորուստը կազմել է 64 զինծառայող:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով moderator.az կայքը, ինստիտուտից արված հաղորդագրության համաձայն' նրանցից 31-ը զոհվել են մարտական պայմաններում, 33-ը' ոչ մարտական պայմաններում:

 

 

Ոչ մարտական պայմաններում մահացածներից 8-ն ինքնասպանություն են գործել, 8-ը զոհվել են ոչ կանոնադրական հարաբերությունների (միմյանց գնդակահարելու), 5-ը' ավտովթարի արդյունքում, 3 հոգի' անզգուշությունից, 2 հոգի' ձնահոսքից, 2 հոգի' արևահարումից, մեկ հոգի' անհայտ պատճառով, 4 հոգի' հիվանդությունից:

 

 

Մահացածներից 57-ը հանդիսանում են պաշտպանության նախարարության, 3-ը' պետական սահմանային ծառայության, 2-ը' արտակարգ իրավիճակների և 2-ը ազգային անվտանգության նախարարության զինծառայողներ:

 

 

Հիշյալ ժամանակաշրջանում տարբեր պատճառներով վիրավորումներ են ստացել ԶՈւ 17 զինծառայողներ: Նրանցից 11-ը վիրավորվել են հակառակորդի գնդակից, երկու հոգի' ավտովթարից, մեկ հոգի' ականի պայթյունից, մեկ հոգի' ոչ կանոնադրական հարաբերությունից, մեկ հոգի' ինքնասպանության փորձից, մեկ հոգի էլ' դժբախտ պատահարի արդյունքում:

 

 

Վիրավորվածներից մեկը արտակարգ իրավիճակների նախարարության, մյուսները' պաշտպանության նախարարության տարբեր զորամասերի զինծառայողներ են:

 

 

2014 թվականին Գերմանիայում ստեղծված «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտը չի բացառում, որ Ադրբեջանի ՊՆ և անվտանգության հատվածում տեղի ունեցած կորուստների թիվն իրականում կարող է ավելի մեծ լինել:

 

 

Թեև Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների, ինչպես նաև ոչ պաշտոնական աղբյուրների և սոցցանցերի հաղորդագրությունների համաձայն' տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազը 129 զինծառայող և 143-ից ավելի վիրավոր: