Փարիզի դատախազությունը հաստատել է մի շարք ահաբեկչական հարձակումների հետևանքով 128 զոհերի մասին տեղեկությունը, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին: Եվս 99 մարդ գտնվում է ծանր վիճակում:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 150-ի:

 

Հիշեցնենք, որ գիշերը Փարիզում մի շարք ահաբեկչական հարձակումներ են տեղի ունեցել: Գրեթե բոլոր դեպքի վայրերը գտնվում են Փարիզի աջ ափին: Դա «Բատակլան» համերգասրահն է, Կամբոջայի ռեստորանը, որը գտնվում է Հանրապետության հրապարակի մոտ, մի քանի փողոց Հանրապետության հրապարակի և Բաստիլի հրապարակի միջև: Քաղաքի առնվազն վեց շրջաններում ահաբեկիչները կրակ են բացել խաղաղ քաղաքացիների վրա:

 

Պայթյուններ են տեղի ունեցել նաև Stade de France մարզադաշտի մոտ, որտեղ ընթացել է ընկերական հանդիպում Ֆրանսիայի և Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եղել է մարզադաշտում: Պետության ղեկավարներին շտապ տարհանել են:

 

Բացի այդ, ահաբեկիչները հրկիզել են Կալե քաղաքում փախստականների ճամբարը:

 

Ֆրանսիայի իշխանությունները ահաբեկչությունների հետ կապված արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել և փակել են հարևան երկրների հետ բոլոր սահմանները: