Ազատության հրապարակում մեկնարկել է «Նոր Հայաստան» փրկության ճակատի կողմից հրավիրված համազգային հանրահավաքը:

 

 

23.30

Երթի մասնակցիները մի քանի ժամ Երևանի փողոցներով շրջելուց հետո վերադարձան Ազատության հրապարակ: Հայտարարվեց նստացույց:

 

 

 22.40

Երթի մասնակիցները մի մասը մնացել է մեքենայի մոտ, մյուս մասը կազմակերպիչների հետ շարժվում են առաջ:

 

 

22.25

Ոստիկանների ու ցուցարարների միջև կրկին քաշքշուկ սկսվեց, երբ որոշում կայացվեց երթը Հանրապետություն փողոցում նստացույցով շարունակել:

Իրավիճակն ավելի սրվեց, երբ շարքերից լսվեց, «Ոստիկանության պատը առաջ ենք տալիս»:

 

 

21.59

Ժիրայր Սեֆիլյանը բարձրացել է ավտոմեքենայի վրա և պահանջում է ոստիկաններից թույլ տալ շարունակել երթը՝  այդ ավտոմեքենայի ուղեկցությամբ։

 

 

 21.00

Լարված իրավիճակ: Հրմշտոց ոստիկանների և քաղաքացիների միջև: Ոստիկանները փակել են հանրահավաքի մասնակիցների ճանապարհը:

 

 

20.14

Մեկնարկեց խաղաղ երթը:

 

 

19.55

Ժիրայր Սէֆիլյանը կոչ արեց ընդդիմադիր գործընկերներին միանալ իրենց հանրահավաքին.

«Նիկոլ, սկվել է, միացիր, պարոն Դեմիրճյան, միացեք»:

 

 

19.47

Քիչ առաջ Ազատության հրապարակում ելույթով հանդես եկավ Ժիրայր Սէֆիլյանը.

«Ահա և վերջ, այսօր սկսում ենք: Ես սպասում էի այսօրվան: Ես կուլիսների ետևում իմ ընդդիմադիր գործընկերներին հորդորեցի, որ օր առաջ, ժամ առաջ մեր ռեսուրսները միացնել։ Իմ կարծիքով այս հրապարակից առաջիկա ժամերին և եթե պետք լինի մի քանի օրերում, ոչ ոք չի հեռանալու։ Ես կարծում եմ, որ մենք ավելանալու ենք»,- ասաց Սէֆիլյանը։

 

 

19.40

Ելույթով հանդես եկավ ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը:

Վերջինս նշեց, որ «Հայ ազգային կոնգրեսը» դեկտեմբերի 3-ին մեր հանրահավաքով ուժեղացնելու է «Նոր Հայաստանի» այս շարժումը: 

 

 

«Հայաստանի ժողովուրդը պատրաստ է և վճռական է ' իր «ոչ»-ն ասել այս ռեժիմին' թե՛ հանրահավաքի միջոցով, թե՛ քվեարկության»,- հայտարարեց Վլադիմիր Կարապետյանը: 

 

 

19.30

Քիչ առաջ Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը հայտարարեց, որ Գևորգ Սաֆարյանին ազատ են արձակել:

 

 

19.17

Ելույթով հանդես եկավ «Նոր Հայաստան» ճակատի քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը. «Այսօրվա հավաքի և երթի գլխավոր նպատակն է, սկիզբ դնել Հայաստանում քրեական ռեժիմին դիմադրելու գործողություններին։ Մեր պայքարն օրինական է և մենք իրացնում ենք մեր սահմանադրական իրավունքները»:

 

 

Ղուկասյանն անդրադառնալով ոստիկանության գործողություններին, նշեց. «Մենք ասում ենք. մենք լինելու ենք խաղաղ, բայց գործելու ենք ազատ»

 

 

 

19.04

Քիչ առաջ հայտարարվեց, որ Ազատության հրապարակից ոստիկանները բերման ենթարկեցին «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Գևորգ Սաֆարյանին և Սմբատ Բարսեղյանին:

 

 

18.44

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքում ելույթով հանդես եկավ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

 

Վերջինս նշեց, որ ճանապարհները փակել են, որ քաղաքացիները չկարողանան մարզերից գալ և միանալ հանրահավաքին. նա իշխանության կողմից ճանապարհները փակելը որակեց վախկոտություն:

 

 

Անդրադառնալով նաև ոստիկանության գործողություններին, նշեց. «Արյան աղբյուրներն այլ տեղ փնտրեք, դուք եք հետո պատասխանատվություն կրելու դրա համար»: