23:00
Հանրահավաքը ավարտվեց: Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ասաց, որ այսուհետ ելույթներ չի ունենա Խորենացի փողոցից և կլինի այնտեղ որպես հասարակ քաղաքացի: Ելույթներով հանդես եկան Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը, քաղաքագետ Սարո Սարոյանը, գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը, ովքեր վաղը բոլորին նորից հրավիրեցին հանրահավաքի:
Նշվեց, որ Վիտալի Բալասանյանը այլևս միջնորդի դեր չի տանի, քանի որ վերջինիս հայտարարությունը այն մասին, թե Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու մտքից, չի համապատասխանում իրականությանը:
21:30
Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Խորենացի փողոցում հրավիրված հավաքում այսօր հայտարարեց, որ ինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հարթակը զիջում են «Սասնա ծռերի» կողմից լիազորված խորհրդին։
Այսօր ավելի վաղ «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» խոսնակ Վարուժան Ավետիսյանը հայտարարել էր, թե Փաշինյանը փորձում է օգտագործել բարձրացող ժողովրդական շարժումը իր անձնական, կուսակցական նեղ շահերը սպասարկելու համար։
Պատգամավորն իր ելույթում հիշեցրեց, որ Վարուժան Ավետիսյանը նաև ասել է, թե Փաշինյանն «արյան վրա իր ձեռքերն է տաքացնում»։
«Ուրեմն, որ ամսի 20-ին երբ ինչ-որ մարդիկ ուզում էին, որ այստեղ արյուն հեղվի, ինչի՞ համար էին դա ուզում, որ իրենց ձեռքերը դրա վրա տաքացնե՞ն», - հարցրեց Փաշինյանը։ - «Այսօրվա հայտարարություններից հետո իմ այստեղ գտնվելը դառնում է անհնարին, որովհետև չի կարող լինել այնպես, որ այն հավաքը, այն պրոցեսը, որին ես մասնակցում եմ, այդտեղ մարդ զոհվի։ Չի լինելու նոր արյուն»։
«Սասնա ծռեր» կոչվող խմբի կողմից հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելուց հետո Նիկոլ Փաշինյանն այցելել էր իրավապահների կողմից արգելափակված այդ տարածք, հանդիպումներ ունեցել խմբի անդամների հետ ու հետո արդեն խմբին սատարելու եկած քաղաքացիների հետ երեկոները անցկացրել Խորենացի փողոցում։ Հուլիսի 21-ին «Սասնա ծռեր» խմբի անդամները նրան ակնարկել էին, որ իր ներկայությունը ցանկալի չէ, ինչից հետո ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ այլևս չի գնա Խորենացի։ Երեկ, սակայն, նա փոխեց իր որոշումը՝ վկայակոչելով հարյուրավոր քաղաքացիների խնդրանք-պահանջները՝ վերադառնալու հանրահավաքի վայր։ Ընդ որում՝ վերադառնալով, նա հայտարարել էր, որ եթե ժողովուրդը որոշի, որ պետք է իշխանափոխություն լինի, ինքը կառաջնորդի այդ գործընթացը:
«Այսօր ձևավորվել է խորհուրդ, որը, ինչքան հասկանում եմ, լիազորված է նաև «Սասնա ծռերի» կողմից, ղեկավարել այս պրոցեսը։ Եվ թող որևէ մեկը չմտածի, որ ես կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որևէ տեղ լիդերության կռիվ կանի։ Հիմա այս հարթակը կդատարկվի, և թող ղեկավարեն նրանք, ովքեր ուզում են ղեկավարել», - հայտարարեց Փաշինյանը՝ իր աջակիցների հետ հեռանալով Խորենացի փողոցի հարթակից։
20:52
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Խորենացի փողոցից մեկնարկեց հանրահավաքը և նշեց, որ իսկական մղձավանջ էր ԼՂ Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հայտարարությունը, այն մասին, թե Ժիրայր Սեֆիլյանը իր հետ զրույցում ասել է, որ վերջինս հրաժարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից:
19:30
Ավարտվեց լրագրողների հետ հանդիպումը: Այս հանդիպումից պարզ դարձավ, որ զինված խմբի անդամները հանձնվելու նպատակ չունեն և իրենց պահանջներն էլ նույնն են՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը և Ժիրայր Սեֆիլյանի և քաղբանտարկյալների ազատագրումը:
18:20
ԼՂ Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ՊՊԾ գնդի տարածքում լրագրողների հետ զրույցում ասաց, որ վստահ է այս խնդիրը խաղաղ հանգուցալուծում կստանա: Սակայն թե ինչ հարցեր են քննարկել Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ, այդ մասին պարոն Բալասանյանը չխոսեց, նշելով, որ դա հրապարակման ենթակա չէ:
«Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականից», - նշել է Վիտալի Բալասանյան:
18:11
Սա հոգեբանական պատերազմ է. Վարուժան Ավետիսյան
2 ժամ առաջ ՊՊԾ գնդի տարածք ուղևորված լրագրողներին հաջողվեց ուղիղ միացում ապահովել և ըստ Վարուժան Ավետիսյանի ԱԱԾ-ն խաղտել է պայմանավորվածությունը: Լրագրողների թվի սահմանափակումներ չպետք է լինեին և ուղիղ միացման արգելք չպետք է լիներ:
16։00
ՊՊԾ գնդի տարածքում այս պահին «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանն ասուլիս է տալիս և հայտարարությամբ հանդես գալիս։
15:40
Պատանդ ոստիկաններին ազատ արձակելուց հետո լուրեր տարածվեցին, որ «Սասնա Ծռեր» խումբը պատրաստվում է հանձնվել իշխանություններին։ Զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հերքել է այդ լուրերը և նշել, որ դրանք տարածվում են Բաղրամյան 26-ի կողմից։
15։25
ԱԱԾ ներկայացուցչի հետ վերջնական բանակցություններից հետո, լրագրողները քիչ հետո կկարողանան մուտք գործել ՊՊԾ գնդի տարածք և տեսանկարահանել զինված խմբի անդամների ասուլիսը։ Սակայն, լրագրողները ներսում ինտերնետ կապ չեն ունենալու, հեռախոսները ևս ԱԱԾ-ն վերցնելու է։
15:11
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վիդեուղերձ է հղել՝ մարդկանց հորդորելով հավաքվել Խորենացի փողոցում։ Նրա խոսքով՝ պայքարը պետք է հաջողությամբ պսակվի. «Այսօր 20։00-22։00 եղեք Խորենացի փողոցում և արտահայտեք ձեր կամքը, որ սատարում եք Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին»,- հորդորում է Նիկոլ Փաշինյանը։
14:48
Խորենացի փողոցում այս պահին ընթանում են բանակցություններ՝ ՊՊԾ գնդի տարածքում մամուլի կենտրոն ստեղծելու՝ Զինված խմբի պահանջի կատարման վերաբերյալ։
14։06
ԼՈՒՐԵՐ.com-ի փոխանցմամբ՝ զինված խումբը ազատ է արձակել Վալերի Օսիպյանին և Վարդան Եղիազարյանին։ Նրանք ավելի վաղ ազատ էին արձակել նաև մյուս երկու ոստիկաններին։
11:32
ԼՂ Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված զինված խմբի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել պատանդներին ազատ արձակելու շուրջ:
«Այն տղաները, որոնք գտնվում են զորամասում' մեր մարտական ընկերների և երիտասարդ այդ տղաների հետ համատեղ, որոշում ենք կայացրել, որպեսզի քայլ անենք, շարքային երկու ոստիկաններին առանց որևէ պայմանավորվածության ազատ ենք արձակել», - «Շանթ» հեռուստատեսության եթերում քիչ առաջ ասել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ում միջնորդությամբ այս օրերին բանակցություններ են վարվում ԱԱԾ-ի և զինված խմբի միջև:
«Հիմա գործընթաց է գնում, մենք պայմանավորվածություն ունենք' երևի մի քանի ժամից հարցերը կունենան պատասխան, որպեսզի մենք լրատվամիջոցները ապահովենք նեյտրալ գոտում, որը վերահսկվում է ոստիկանության և ազգային անվտանգության ծառայությունների կողմից, շուրջօրյա մամուլի ծառայություն կապահովենք և միաժամանակ' այդ պահին, մնացած երկու պատանդներին կազատեն' Եղիազարյանին և Օսիպյանին», - հավելել է Բալասանյանը: - « Դա ոչ թե փոխանակում է, դա քայլ է, որը կատարվել է մեր բոլորի կողմից' իմ միջնորդությամբ», - ընդգծել է նա:
09:40
Խորենացի փողոցում գիշերը հանգիստ է անցել: Այս պահին փողոցի այդ հատվածը սակավամարդ է:
Նախօրեի երեկոյան ցուցարարները եկան ընդհանուր հայտարարի և որոշվեց, որ այսօրվանից կանոնավոր կերպով բողոքի ակցիաներ են անցկացվելու:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը և պատանդ են պահում ոստիկանության մի քանի ծառայողի: