00:50

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով նախնական տվյալներով տարբեր բուժհաստատություններ է դիմել 45 տուժած, որից 25-ը' ոստիկան։

 

Տուժածներից 18-ը տեղափոխվել է շտապօգնության մեքենաներով, մյուսները դիմել են ինքնուրույն։ Նախարարությունը հայտնում է, որ բուժօգնությունը ցուցաբերվում է ամբողջական ծավալով և ժամանակին, իսկ առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի առաջիկայում։

 

00:22

 

Մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում էր մարդկանց հետ և տեղեկացնում, որ քահանաներ են եկել և ուզում են աղոթք կարդալ՝ գրավված ՊՊԾ գնդի տարածքից կրակոցներ հնչեցին, որոնց ի պատասխան ցուցարարները ծափահարեցին:

 

22:45

Նիկոլ Փաշինյանը վերադարձավ, հորդորեց մարդկանց չտրվել  սադրանքներին, պահպանել հանգստություն, որ կարողանան հարցին հանգիստ լուծում տալ: 

 

 

«Ես ինձ չեմ ների, եթե Պավլիկ Մանուկյանի գլխից մի մազ պակասի, բայց չեմ ների նաև, եթե մի բան չանեմ, որ մազ չպակասի նաև Վալերի Օսիպյանի և Վարդան Եղիազարյանի գլխից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ եզրափակելով, որ ՀՀ քաղաքացին հաղթելու է:

 

21:59

 

Ցուցարարները ոստիկաններին ժամանակ տվեցին մինչև 22:00-ն, որ վերջիններս պատասխանեն «Սասնա ծռեր»-ի տղաներին սնունդ ուղարկելու խնդրի վերաբերյալ: Սակայն ոստիկանները սկսեցին առաջ բերել զորքը և լսվեցին կրակոցներ: Քաղաքացիների մեջ կան վիրավորներ:

 

21:45

 

Լարված իրավիճակ Խորենացի փողոցում: Ցուցարարները ոստիկաններին ժամանակ տվեցին մինչև 22:00-ն, որ վերջիններս պատասխանեն  «Սասնա ծռեր»-ի տղաներին սնունդ ուղարկելու խնդրի վերաբերյալ: 

 

20:45

«Արաբո» ջոկատի տղաները Մանվել Եղիազարյանի գլխավորությամբ եկել են Խորենացի փողոց և ուզում են իրենք սնունդ փոխանցել «Սասնա ծռեր»-ի անդամներին, սակայն, Նիկոլ Փաշինյանը նշեց՝ Վարուժան Ավետիսյանը համաձայն է, որ մենակ ինքը կարող է սնունդ փոխանցել՝ իր պատասխանատվությամբ: Վերջինս սպասում է ոստիկանների որոշմանը՝ հարցը դեռ քննարկվում է:

 

20:15

 

Այս պահին Խորենացի փողոցում համեմատաբար հանգիստ իրավիճակ է։ Մարդկանց թիվն այդքան էլ մեծ չէ։ Քիչ առաջ նրանք փորձեցին փակել Խորենացի-Քրիստափոր խաչմերուկը։ ՃՈ պետ Արմեն Հակոբյանն ինքն առաջարկեց հանգստություն պահպանել, քանի որ իրենք անձամբ կփակեն այդ հատվածը, որպեսզի մեքենաների հոսք չլինի, այս մասին դեպքի վայրից տեղեկացնում է ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը։

 

15։40

 

Խորենացի փողոցում մի խումբ մարդկանց հանրային քննարկումն ավարտված է։ Քննարկման մասնակիցները հայտարարում են՝ պետք է ստեղծել հռչակագիր, ժամանակավոր խումբ ձևավորել՝ ժողովրդի պահանջները տեղ հասցնելու և մնացած պրոցեսները կառավարելու համար։ Հանրային քննարկման մասնակիցները նաև պահանջում են «Սասնա Ծռեր»-ի և իշխանությունների միջև բանակցությունները բաց կերպով անել։ Նաև պետք է լուծել ՊՊԾ գնդում գտնվողների սննդի հարցը։


14:00

Խորենացի փողոցում գտնվող ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք ցանկանում են հանդիպել զինված խմբի անդամների հետ, զրուցել նրանց հետ և հասկանալ՝ ինչ է կատարվում։ «Մեզ ասեցին՝ սպասեք, ճշտենք՝ կասենք։ Սպասում ենք։ Հիմա ես գնում եմ Օմբուդսմենի հետ հանդիպման, վերջին դեպքերի հետ կապված»,- ասաց Զոհրաբյանը։ ԲՀԿ նախագահը նշեց՝ այսօր լարվածության էսկալացիայի մեծացում չպետք է թույլ տալ։ 


 

«Եկեք բոլոր հնարավոր տարբերակները փորձենք։ Հիմա ես չեմ ասում, որ գնամ հանդիպեմ, խնդիրը լուծվելու է։ Բայց գնանք խոսենք էլի, հասկանանք։ Բոլոր հնարավոր միջոցները պետք է փորձել»,- հավելեց նա։ 


13:50

Այս պահին Խորենացի փողոցում է գտնվում ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը և պատգամավոր Միքայել Մելքումյանը։ 


13։00

Խորենացի փողոցում իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ։ Մի խումբ մարդիկ գիշերվանից մնացել են Խորենացի փողոցում և կոչ են անում բոլորին դուրս գալ փողոց ու պայքարել։

 

 

11:50

Այս պահին Խորենացի փողոցում է գտնվում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ սա բավական նուրբ հարց է: «Հայաստանում սկսած 90 թվականից՝ ամեն ինչ ուղեկցվել է խախտումներով: Մեր ազգի համար շատ կարևոր իրադարձություն էր սահմանադրական հանրաքվեն, որը ևս կեղծվեց: Այս մարդկանց գոնե մի քանիսին ես ճանաչում եմ: Նրանք մի քանի անգամ փորձել են քաղաքական ճանապարհով ինչ-որ բան փոխել: Այս ամենը մեզ ենթադրել է տալիս, որ պետք է շատ զգուշավորությամբ խոսել»,- ասաց նա: Հայրիկյանը նշեց, որ մենք ունենք երեք խնդիր՝ երեքն էլ խուսափել արյունահեղությունից: 

հայրիկյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը սկսել է իր հրաժարականի գործընթացը, քանի որ վերջինս ոչ մի հայտարարություն չի անում, «իսկ երկրի իրական նախագահը միանգամից պետք է արձագանքեր»: 

 

Զինված խմբի անդամները Ոստիկանության ՊՊԾ գնդում արդեն 74 ժամից ավելի է, ինչ պատանդ են պահում ոստիկանների:

 

Գիշերը հանգիստ է անցել, այս պահին ևս հանգիստ է: Առավոտյան Խորենացի փողոցում են ՀՀ փոխոստիկանապետեր Լեւոն Յերանոսյանն ու Սամվել Հովհաննիսյանը:

 

ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ ինտենսիվ բանակցությունները ՊՊԾ գնդում գտնվողների հետ շարունակվում են: