Մոսկվայում մեկնարկում են ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը եւ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

 

Ինչպես լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի օրակարգի հիմնական հարցը կդառնա կազմակերպության գլխավոր քարտուղարի եւ մյուս պաշտոնատարների շրջափոխման (ռոտացիայի) կարգը: Ընդսմին Կրեմլի ներկայացուցիչը չի բացառել, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը կկարողանա զբաղեցնել Հայաստանի ներկայացուցիչը, քանի որ շրջափոխումը կատարվելու է այբբենական կարգով:

 

Նաեւ սպասվում է, որ ղեկավարները հայտարարություն կընդունեն ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ: Գագաթնաժողովի մյուս թեմաները կլինեն ահաբեկչական եւ ծայրահեղական խմբավորումների ակտիվացումը, ինչպես նաեւ իրադրության ապակայունացումը ՀԱՊԿ-ի սահմանների մոտ:

 

ԵԱԲՏԽ-ի նիստում ղեկավարները կամփոփեն Միության աշխատանքի առաջին տարվա արդյունքները: Բացի այդ, կքննարկվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նոր կազմը: Նրա ղեկավարի պաշտոնի համար ավելի վաղ համաձայնեցվել է Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի թեկնածությունը: Նաեւ ենթադրվում է, որ կոլեգիայում ԵԱՏՄ-ի յուրաքանչյուր երկիր այսուհետեւ կներկայացնեն ոչ թե երեք, այլ երկու մարդ: Գագաթնաժողովի թեմաներից մեկն էլ կդառնա համագործակցությունը մյուս երկրների հետ:

 

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՀԱՊԿ-ի եւ ԵԱԲՏԽ-ի գագաթնաժողովներում քննարկվելու են հարաբերություններն Ուկրաինայի եւ Թուրքիայի հետ: