Մոսկվայում բացվել Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ղեկավար մարմնի՝ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՌԻԱ Նովոստիին, միջոցառումն սկսվելուց առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել Է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի իր պաշտոնակիցներին:

 

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքում կընդունեն համատեղ հայտարարություն, որում մտահոգություն կհայտնեն ահաբեկչության վտանգի աճի եւ Կենտրոնական Ասիայում ծայրահեղականության տարածման կապակցությամբ:

 

Նախ տեղի կունենա խորհրդի նիստը նեղ կազմով, որին մասնակցում են պետությունների ղեկավարները: Դրանից հետո կկայանա խորհրդի նիստը՝ ընդլայնված կազմով: Գագաթնաժողովի արդյունքում պլանավորվում է ստորագրել 22 փաստաթուղթ, այդ թվում՝ համատեղ հայտարարությունը, խորհրդի 19 որոշում եւ 2 արձանագրություն:

 

Դեկտեմբերի 23-ին ՀԱՊԿ-ի կանոնադրական մարմիններում նախագահությունը Ռուսաստանից կանցնի Տաջիկստանին: