Մոսկվայում դեկտեմբերի 23-ին տեղի կունենան Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի եւ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նիստերը: Գագաթնաժողովների շրջանակներում պլանավորվում է ստորագրել մի շարք փաստաթղթեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի նախագահները:

 

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը՝ Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի Մաքսային միության բարձրագույն վերազգային մարմինն է, որոնք 2015 թվականի հունվարի 1-ին Հայաստանի հետ միասին ստեղծում են Եվրասիական տնտեսական միություն: Միավորմանը միանալու մտադրություն ունի Ղրղզստանը: Հավաքական անվտանգության խորհուրդը ՀԱՊԿ-ի (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Հայաստան, Ղրղզստան եւ Տաջիկստան) ղեկավար մարմինն է:

 

Ինչպես լրագրողներին պատմել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքում կընդունեն համատեղ հայտարարություն, որում մտահոգություն կհայտնեն ահաբեկչության վտանգի աճի եւ Կենտրոնական Ասիայում ծայրահեղականության տարածման կապակցությամբ:

 

Նախ տեղի կունենա խորհրդի նիստը նեղ կազմով, որին մասնակցում են պետությունների ղեկավարները: Դրանից հետո կկայանա խորհրդի նիստը՝ ընդլայնված կազմով: Գագաթնաժողովի արդյունքում պլանավորվում է ստորագրել 22 փաստաթուղթ, այդ թվում՝ համատեղ հայտարարությունը, խորհրդի 19 որոշում եւ 2 արձանագրություն:

 

Դեկտեմբերի 23-ին ՀԱՊԿ-ի կանոնադրական մարմիններում նախագահությունը Ռուսաստանից կանցնի Տաջիկստանին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: