Բաղդադում հունվարի 26-27-ն անցկացվել է հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը, որը համանախագահել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և Իրաքի գյուղատնտեսության նախարար Ֆալահ Զեյդանը։ Հայկական պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի, էներգետիկայի, առողջապահության, էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներ: Հանդիպումների օրակարգում ընդգրկված են տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության հարցեր։

 

Նիստի ընթացքում կողմերը հատուկ ընդգծել են վերջին տարիներին Հայաստանի և Իրաքի միջև բազմաթիվ բնագավառներում և հատկապես առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ակտիվությունը և ապրանքաշրջանառության նկատելի աճը։ Աշխատանքային խմբերը քննարկել են համագործակցության խորացման և նոր ուղիների որոնման հարցեր:

 

Այցի շրջանակներում նախարար Երիցյանը հանդիպում է ունեցել Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի հետ և նրան փոխանցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները Իրաքի եղբայրական ժողովրդին։ Նախարարը նշել է, որ Հայաստանի և Իրաքի ժողովուրդներն ունեն բազմաթիվ պատմական ընդհանրություններ, դարեր շարունակ կողք կողքի են ապրել միևնույն միջավայրում, և ՀՀ իշխանությունները հանձնառու են ամենայն կերպ ամրապնդել բարեկամությունը և նպաստել երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը։
Ընդգծվել է երկու երկրների միջև օդային ուղիղ կապ ո ւնենալու և դրան զուգահեռ նաև ցամաքային հաղորդակցության ուղիների զարգացնելու կարևորությունը, ինչպես նաև գործարար շփումներն ընդլայնելու անհրաժեշտությունը:

 

Նախագահ Մասումը, իր հերթին, ողջույններ ու բարեմաղթանքներ է փոխանցել ՀՀ Նախագահին և հայ ժողովրդին։ Նրա կողմից հատուկ ընդգծվել է հայության ներկայությունը Իրաքում և նրանց մասնակցությունն ու ունեցած նպաստը երկրի զարգացման գործում։ Նախագահը նշել է, որ հայության ներկայությունը Իրաքում ունի հարյուրամյակների պատմություն, երկրի բազմաթիվ բնակավայրերում կարելի է գտնել հայկական հետք, իսկ համայնքին հուզող արդի հարցերը մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում։

 

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարը հատուկ շնորհակալություն է հայտնել իրաքյան իշխանությունների կողմից հայ համայնքին ցուցաբերած աջակցության համար:

 

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հանդիպումները Բաղդադում

 

Հունվարի 27-ին եզրափակիչ արձանագրության ստորագրությամբ Բաղդադում իր աշխատանքներն ավարտել է հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Արձանագրությունում ամփոփվել են երկու երկրների տնտեսական և հումանիտար բնագավառներում մոտակա տարիների համագործակցության հեռանկարները:

 

Իրաք այցելության ընթացքում հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Արմեն Երիցյանը հունվարի 27-ին հանդիպում է ունեցել Իրաքի վարչապետ Հեյդար Աբադիի հետ, որի ընթացքում վերջինիս են փոխանցվել ՀՀ նախագահի և վարապետի ողջույնները, ինչպես նաև Հայաստանի կառավարության աջակցությունը ահաբեկչության դեմ Իրաքի պայքարին։ Արմեն Երիցյանը հայտնել է ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը Իրաքի հետ բոլոր ոլորտներում հարաբերություններն ամրապնդելու և ընդլայնելու վերաբերյալ և ներկայացրել առկա դրական առաջընթացի բարձր տենպերը պահպանելու անհրաժեշտությունը:

 

Հանդիպման ընթացքում Իրաքի վարչապետը նշել է, որ նավթի գների անկման արդյունքում կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում նոր ոլորտներում օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության զարգացմանը՝ կարևոր տեղ հատկացնելով Հայաստանին։ Վարչապետը իր քաջատեղյակությունն է ցուցադրել իրաքահայության խնդիրների վերաբերյալ և հատուկ նշել հայ համայնքի դրական դերակատարությունը երկրի զարգացման գործում։ Հեյդար Աբադին հայտարարել է, որ Իրաքի կառավարությունը ուշադրության կենտրոնում է պահում ազգային ու կրոնական փոքրամասնությունների խնդիրները և նրանց շրջանում արտագաղթը կանխելու նպատակով ձգտում է ստեղծել նպաստավոր կենսական պայմաններ։

 

Հանդիպման վերջում վարչապետ Աբադին իր ջերմ ողջույններ է փոխանցել ՀՀ նախագահին, լավագույն մաղթանքները հղել Հայաստանի ժողովրդին։

 

Նույն օրը Արմեն Երիցյանը հանդիպում է ունեցել նաև Իրաքի առևտրի նախարար Մուհամմեդ Շիա ալ-Սուդանիի և տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբր ալ-Զուբաիդիի հետ:

 

Առևտրի նախարարը հրավիրել է հայկական ընկերություններին օգտվել Իրաքում ստեղծված հնարավորություններից, մասնակցել Բաղդադի միջազգային ցուցահանդեսին, ինչպես նաև մասնակցել նախարարության կողմից հայտարարվող տենդերներին։

 

Տրանսպորի նախարարի հետ քննարկվել են Բաղդադ-Երևան ուղղիղ չվերթի հետ կապված հարցերը, ինչպես նաև Իրանի միջոցով ցամաքային բեռնափոխադրումներ իրականացնելու խնդիրները։