Սովորաբար, համարվում է, որ եթե դու ՀՀԿ հանրահայտ դեմք ես, ուրեմն՝ դու պրոբլեմ չունես ու չես էլ կարող ունենալ: Սակայն ինչպես մեր իրականությունն է հաճախ փաստում, ամեն բան այնքան էլ այդպես չէ գոնե մինչ այն պահը, քանի դեռ նույն հանրահայտը ստիպված չի լինում «բախվել» մեկ այլ հանրահայտի հետ՝ ակամա փորձության ենթարկելով թե՛ իրեն, թե՛ անգամ, սեփական ազգականներին: Քանի որ հայաստանյան իշխանական համակարգը, մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պայմաններից ելնելով, կուռ բրգաձև կառուցվածք ունի, նման պարագաներում կողմերից մեկի հաղթանակի գործում վճռորոշ նշանակություն է ստանում այն հարցը, թե հակամարտողներից ամեն մեկը որքանով է մոտ գտնվում նույն այդ բուրգի գագաթային մասին. ասել կուզի՝ ո՞վ է իշխանությունների սիրելին:


Բոլորովին վերջերս քաղաքում սկսել են համառորեն լուրեր շրջանառվել այն մասին, որ ՀՀԿ հայտնի պատգամավոր Վարդան Այվազյանի եղբորը՝ Գագիկ Այվազյանին պատկանող Չարենցավանիգազալցակայանի փակման պատճառը եղել է ոչ այնքան պատկան մարմինների կողմից հայտնաբերած խախտումները, որքան նրա հզոր մրցակիցը:

 

Ասում են՝ գազալցակայանի գործերն սկսել են վատանալ ճիշտ այն պահից սկսած, երբ ընդամենը 2 տարի առաջ դրա հարևանությամբ սկսեց շահագործման հանձնվել մեկ այլ գազալցակայանոր պատկանում էր հայաստանյան հանրությանը ոչ պակաս հայտնի Բարսեղ Բեգլարյանին (լայն մասսաներին նա հայտնի է «Ֆլեշի Բարսեղ» մականվամբ)։

 

Ինչպես իրերի հետագա ընթացքը ցույց տվեց, իշխանությունները Վարդան Այվազյան-Բարսեղ Բեգլարյան պայքարում հաղթության դափնիները շնորհեցին վերջինիս՝ աչք փակելով Բեգլարյանի՝ մրցակիցներին ասպարեզից հեռացնելու ջանքերի վրա: Արդյունքում' «Ֆլեշի» գործին մեծապես խփող գազալցակայանը դադարեց գոյություն ունենալուց, իսկ Բեգլարյանի՝ նորակառույց գազալցակայանից ստացվող շահույթը հասավ աստղաբաշխական գումարների:

 

Այս դեպքն ընդամենը մեկն է այն օրինակներից, որ ապացուցում են այն հայտնի ճշմարտությունը, համաձայն որի՝ քաղաքականության ու բիզնեսի մեջ թիմակիցներ, դրացիներ, տատիկներ ու պապիկներ չեն լինում. այստեղ միմյանց կոկորդ են կրծում՝ հետապնդելով ընդամենը մեկ նպատակ՝առավելագույն շահույթ: Պարզապես խելացի է գտնվում նա, ով իր վրա չի վերցնում այնպիսի ծանրություն, որ զուտ ֆիզիկապես չի կարող տանել. չի ընդհարվում ազդեցիկ «շնաձկների» հետ: Տեսնես այս օրենքի մասին գիտե՞ր, արդյոք, Վարդան Այվազյանը, երբ նա որոշում էր կայացնում պնդել իրենը, թե՞, այնուամենայնիվ, նա նախընտրում է ապրել հորինած աշխարհում, ուր կարևորըտեսախցիկների առջև հաճախ երևալն է, բայց ոչ երբեք՝ փողն ու կապերը. դժվար թե…


Դավիթ Բաբանով