Ազգային ժողովն այսօր քննարկում է «Ավելացրած արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

 

Փաթեթի ընդունումը պայմանավորված է ԵՏՄ տարածքից Հայաստանի տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից գանձվող ավելացված արժեքի հարկի պահանջի վերացման անհրաժեշտությամբ: ԵՏՄ-ն, հանդիսանալով մեկ միասնական ընդհանուր տնտեսական տարածք, ենթադրում է ապրանքների, ռեսուրսների և կապիտալի ազատ տեղաշարժ, որն ամրագրված է նաև ԵՏՄ իրավապայմանագրային փաստաթղթերում:

 

Ելույթ ունեցավ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով ասաց, որ չի միանա օրենքի նախագծին, գործ չունի, բայց կողմ կքվեարկի:

 

Պատգամավորն առնվազն երկու լուրջ թերություն փաթեթում նկատել է'ապրանքային քանակության և արդեն գանձված ԱԱՀ փոխհատուցելու մասով:

 

«Օրենքում պետք է ավելացվի «մեկ մեքենան ճանաչում ենք ապրանքային քանակություն» տողը, որ այս սխալը չլինի: Եթե գրված չէ, ապա ես իրավունք ունեմ մեկն էլ բերեմ, երկուսն էլ բերեմ, երեքն էլ բերեմ»,- ասաց Բագրատյանը:

 

Տնտեսագետ պատգամավորը տվեց տարբերակ նաև, թե ինչպես պետք է վարվել այն գումարի հետ, որն արդեն գանձվել է. «Եթե բյուջեն փող չունի, ես մի տարբերակ ունեմ՝ ձևակերպեք որպես պետական պարտք և մարեք առաջիկա 5 տարում, որ լուծումը լինի նորմալ, այլապես եթե ես գնացել առել բերել եմ, դուք ինձանից ապօրինի գանձել եք ԱԱՀ-ն, դա մշտապես մնալու է հարց: Իմ առաջարկն այդպիսին է, որ դա գոնե պետական արժեթղթերով փոխհատուցվի մարդկանց»: