Արամի փողոցի 86 շենքի բնակիչները բողոքում են՝ իրենց բնակարանների լույսն անօրինական փակելու պատճառով:

 

Բանն այն է, որ շենքից շատ քիչ հեռավորությամբ, օրենքի կոպտագույն խախտմամբ, 5 հարկանի շինություն է կառուցվում, ինչը փակում է բնակիչների պատուհանները և անհարմարություն պատճառում սեփականատերերին:

 

Բնակիչներից մեկը, ով թեպետ չցանկացավ ներկայանալ, բայց մեզ հետ զրույցում իր բողոքն արտահայտեց. «1-ից մինչև 5-րդ հարկերն անօրինական առաջ է տալիս՝ թքած ունենալով, թե ում լույսը փակելու հաշվին է անում և գլուխ է գովում, թե քաղաքապետը «դաբրոն» տվել է: Նա կա՛մ ստում է, կա՛մ էլ քաղաքապետարանում իրենց գործից անտեղյակ են, քանի որ հարակից շինությունն առնվազն 3-5 մետր հեռավորություն պետք է ունենա»:

 

Մեր զրուցակիցը խնդրում է քաղաքապետին ականջալուր լինել և խնդրին լուծում տալ, քանի որ բնակիչները չեն պատրաստվում կուլ գնալ ինչ-որ օլիգարխի քմահաճույքին. տեղի բնակիչներով կհամախմբեն և բողոքի ալիք կբարձրացնեն, մինչև անգամ նախագահին կհայտնեն իրենց ունեցած խնդիրը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ կառուցապատողը ԲՀԿ-ն լքած պատգամավոր Գրիգոր Մարգարյանի (հասարակության մեջ ավելի հայտնի՝ Բելաջիոյի Գրիշ), եղբայրը՝ ՍերյոԺա Մարգարյանն է:

Նելլի Ավետիսյան