Ինչպես շատերդ արդեն իսկ տեղեկացված եք, Հայաստան է այցելել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ում այցը, հատկապես տարածաշրջանում ներկայումս ստեղծված իրավիճակում, արդարացիորեն մեծապես կարևորվում է թե՛ մեր, թե՛ Բաքվի կողմից, քանի որակնկալվում է, որ Լավրովն իր հետ բերել է շատ կոնկրետ առաջարկներ՝ ուղղված ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Եվ այսպես, հիմա կփորձենք հասկանալ, թե ինչ կարող է տալ ՌԴ արտգործնախարարի այցը հակամարտության խաղաղ կարգավորմանը, արդյոք կնպաստի՞ բարձրաստիճան այս պաշտոնյայի՝ տարածաշրջան կատարած այցը խնդրի արդարացի լուծմանը:

 

Նախ՝ պետք է ասենք, որ որոշակիորեն արդեն իսկ պարզ է, թե Լավրովն ինչ առաջարկներ է բերել իր հետ Երևան. «Լավրովի պլան» կոչվածն է, որն իրենից ենթադրում է, ըստ էության, միակողմանի զիջումներ Հայաստանի կողմից: Մասնավորապես՝ ակնկալվում է, որ Լավրովն այստեղ առաջարկելու է պաշտոնական Երևանին վերադարձնել ազերիներին ազատագրված 7 շրջաններից 5-ը՝ ԼՂՀ կարգավիճակի անորոշության պահպանմամբ՝ զուգակցված տարածաշրջանում խաղաղապահ զորքերի տեղակայմամբ: Բայց որքան էլ տարօրինակ հնչի, այս պլանը չի կարող բխել ոչ միայն Երևանի, այլև Բաքվի շահերից, քանի որ եթե հայկական կողմը սրանով կորցնում է ԼՂՀ անվտանգության ապահովման սեփական երաշխիքները՝ ամեն ինչ հանձնելով Ռուսաստանի բարեհաճությանը, ապա Ադրբեջանն էլ կորցնում է իր սուվերենության վերջին հետքերը, քանի որ Ղարաբաղյան հակամարտության գոտում ռուսական զորքերի տեղակայման պարագայում երկու երկրները, ըստ էության, վերադառնում են 1988-ին ստեղծված իրավիճակին միայն մի տարբերությամբ. Լաչինի ու Քարվաճառի շրջաններն առայժմ թողնվում են ԼՂՀ տարածքում՝ մինչև որ այնտեղ տեղի կունենա անկախության հանրաքվե։

 

Բացի սա՝ Բաքուն նաև բավական բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում կարող է հայտնվել, քանի որ պարզ է, որ եթե ազերիները համաձայնեն «Լավրովի պլանին», ապա դառնալու են խոչընդոտ ՆԱՏՕ-ի և Արևմուտքի պլաններին. Ռուսաստանը, հաստատվելով Ղարաբաղյան հակամարտության գոտում, փակելու է ՆԱՏՕ-ի ճանապարհը, դեպի Արևմուտք տանող բոլոր գազատարները վերցնելու է իր վերահսկողության տակ: Իսկ այս պարագայում Ալիևին Արևմուտքում ներում-բեկում չի կարող լինել, ու բեղավորին դատելու համար ԱՄՆ մի պատրվակ կգտնվի հաստատ. օֆշորային սկանդալն էլ ձեզ՝ փայլուն օրինակ: Այսինքն՝ փաստացի ստացվում է, որհայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում՝ հիմնական շահող կողմ է դուրս գալու Մոսկվան՝ իր լիակատար վերահսկողության տակ առնելով թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը:


Ակնհայտ է, որ ինչպիսին էլ լինի Ռուսաստանի՝ մեր տարածաշրջանում ունեցած պլաններն ու ծրագրերը, մենք չենք կարող թույլ տալ, որ այդ պլաններում, ինչպես էլ դրանք կոչվեն, հաշվի չառնվեն հայկական կողմի կենսական շահերը. պարզից էլ պարզ է, որ եթե անգամ Մոսկվան կարողանա համոզել իշխանություններին ինչ-ինչ տարածքներ հանձնել ազերիներին, ապա ժողովուրդը դա պարզապես չի կարող թույլ տալ, ու մեր երկրում, չի բացառվում, որ կարող են նույնիսկ հուզումներ սկսվել՝ դրանից բխող բացասական հետևանքներով հանդերձ. Մոսկվան չի կարող հաշվի չնստել Հայաստանի ժողովրդի շահերի հետ:


Դավիթ Բաբանով