ՌԴ ԱԳՆ-ն առավոտյան հայտարարություն է տարածում, որտեղ ամբողջ ասելիքն ասվում է, չնայած վերջին հաշվով որևէ նոր բան այդտեղ չի հնչում: Եվ ահա դրանից քիչ անց էլ ՌԴ ԱԳ նախարարը մեր ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիս է տալիս Երևանում, որտեղ բառացիորեն ասում է նույնը, ինչ ասված էր հայտարարության մեջ: Հարց է առաջանում՝ էլ որպես ի՞նչ էր այդքան ծախս արել, եկել, դեռ հետը պատվիրակություն բերել, լրատվամիջոցներ բերել, երբ կարելի էր ընդամենը մի «ստատուս» գրելով նույն էֆեկտը ստանալ: Դեռ ռուսաստանյան լրագրողներն էլ եկել հասել էին Երևան, որ այստեղ Լավրովին Սիրիայի մասին հարց տան, կարծես թե Մոսկվայում նման հարց տալու հնարավորությունից զուրկ էին և դրա համար Երևան հասնել էր պետք, որ այստեղ նման հարցերով Լավրովի ուշադրություն շեղեն բուն թեմայից:

 

 

Այն, ինչ ասաց Լավրովն ասուլիսի ժամանակ, իր ոճով նման էր Մինսկի համանախագահների հայտարարությանը: Պարզապես նրանք ասում են, թե հակամարտությունը չունի ռազմական լուծում, Լավրովն էլ ասում է, թե 1994-95թթ. պայմանավորվածությունն ուժի մեջ է, այսինքն՝ կրկին չպետք է որ ունենա ռազմական ճանապարհով լուծում: Բայց մի՞թե դա նորություն էր, մի՞թե այսքան տարի նմանատիպ բաներ անընդհատ չենք լսել և չգիտենք, որ ձևականորեն այդպես է որոշված, բայց միայն ձևականորեն: Իրականում հրադադարի խախտումներ միշտ էլ եղել են Ադրբեջանի կողմից, լինում են և էլի կլինեն, ու նման հայտարարությունները, որոնք ուղղակի կրկնություն են, չեն սաստում Ադրբեջանին:

 

 

Ակնկալում էինք, որ կոնկրետ մեսիջներ կհնչեին, տարածքների հնարավոր հանձնման թեմայի մասին, նաև Արցախի կարգավիճակի մասին ավելի պարզ մեկնաբանություններ կլինեին, բայց կրկին նույն «դիվանագիտական» ու ոչինչ չասող լեզուն:

 

 

Թեև Լավրովը ասուլիսի ժամանակ ասաց նաև, որ Կազանի պայմանավորվածություններն Ադրբեջանն է մերժել, այլ ոչ թե Հայաստանը, բայց վերջին հաշվով դա էլ առանձնապես նորություն չէր, ու չեմ կարծում, թե Ադրբեջանը շատ ծանր կտանի այդ հայտարարությունը:


Կարծում եմ՝ մեր հասարակությունն այս ձևական հայտարարությունների փոխարեն տեսանելի ինչ-որ բան էր ակնկալում, ինչ-որ տեղաշարժ հիմնախնդրի լուծման հարցում, գոնե քայլ առաջ, գոնե պատկերացում սպասվող կոնկրետ քայլերի մասին: Բայց մնաց նույն վիճակը…

 

 

Ի դեպ, Լավրովի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումն էլ, կասեի, նույն արդյունավետությունն ունեցավ. նախագահը հնչեցրեց մտահոգություններ, կոնկրետ մեղադրանքներ ադրբեջանական կողմին, իսկ Լավրովի պատասխանը կրկին անդեմ ու անորոշ եղավ:

 

 

Կարեն Վարդանյան