Գերտերությունները փոքր երկրների հետ հարաբերություններում չունեն բարոյական սկզբունքներ, նրանք ընդամենը բիզնես են անում և փող աշխատում: Սա մենք արդեն պետք է հասկացած լինեինք և Ռուսաստանից ֆանտաստիկ ակնկալիքներ չունենայինք:

 

Ռուսաստանը վաճառել է զենք Ադրբեջանին, վաճառում է և վաճառելու է, որովհետև «դաշնակից» ասվածը զուտ ֆիկտիվ է, նա մեր հանդեպ առանձնապես ջերմ զգացմունքներ չի տածում: Բայց այդ ջերմ զգացմունքները Ռուսաստանը չի տածում նաև Ադրբեջանի հանդեպ. Ադրբեջանը գնում է զենքը, Ռուսաստանն էլ վաճառում է, կարող է նույն քանակով Հայաստանին էլ վաճառել, եթե նույնչափ վճարունակ լինենք, կարող է ավելի շատ էլ վաճառել, և ավելին ասեմ՝ կարող է Արցախին էլ զենք տալ: Փաստացի, գերտերությունն ամեն ինչ էլ կարող է, եթե դա բխի իր շահերից:

 

Ռուսաստանն առայժմ «քաղաքականություն է խաղում», խաղում է երկու կողմերի հետ էլ, արտաքուստ ցույց է տալիս չեզոքություն, հավասար վերաբերմունք, բայց այդ հավասարության նժարը ցանկացած պահի կարող է թեքվել ցանկացած ուղղությամբ՝ ըստ Ռուսաստանի տվյալ՝ պահի շահերի: Հիմա, օրինակ, Հայաստանն առաջ է քաշել Արցախի անկախությունը ճանաչելու խնդիրը: Ռուսաստանը, բնականաբար, հայտարարել է, թե իբրև դա ընդամենը երկու պատգամավորի ցանկություն է, և իրենք նման զարգացում չեն տեսնում ապագայում: Սակայն քաղաքականության մեջ ամեն ինչ չէ, որ պաշտոնապես է ասվում, ազդակներ կան, որոնք անուղղակի կերպով են տեղ հասցվում, նույնիսկ՝ ավելի մանր պաշտոնյաների միջոցով:

 

Օրինակ, վերցնենք դեսպանատան աշխատակիցներին. բնական է՝ դեսպանատան որևէ աշխատակից չի կարող ինքնագլուխ որևէ մեսիջ հղել հանրությանը, եթե որևէ բան ասում է, ուրեմն դա առնվազն համաձայնեցված է եղել իր ղեկավարության հետ, ուրեմն իրեն ասվել է, որ դա ասի: Ավելին՝ ոչ միայն աշխատակիցը, այլև նույնիսկ ինքը՝ դեսպանը չի կարող ինքնագլուխ որևէ հայտարարություն անել: Եվ ահա փաստորեն Հայաստանում ՌԴ դեսպանատան երկրորդ քարտուղարը հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասել է բառացիորեն հետևյալը՝ «Ի՞նչ եք ուզում, Հայաստանը ճանաչե՞լ է Արցախը: Քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախը, ոչ մի ռուսական զենք Արցախ գնալ չի կարող»:

 

Սրանից ավելի պարզ էլ ինչպե՞ս ասվի, որ մեր կողմը հետևություններ անի: Այսինքն՝ եթե մենք ճանաչենք Արցախի անկախությունը, ռուսական զենքն այնտեղ էլ կգնա. ուրեմն դա Ռուսաստանի բիզնես-պլաններին չի հակասում: Ավելին՝ այս հայտարարությունից կարելի է ենթադրել, որ Ռուսաստանն իրականում լավ էլ դիտարկում է Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու տարբերակը՝ որպես հնարավոր սցենար, և միգուցե նույնիսկ որոշել է իր դիրքորոշումն ու քայլերն այդ սցենարի դեպքում:

 

Կարեն Վարդանյան