Քառօրյա պատերազմի հետևանքով իրենց տները լքած քաղաքացիների անվտանգությունն ու Արցախում նրանց մնալու հարցը երկու կարևոր հրամայականներ են: Այսպես է կարծում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը' անդրադառնալով դիտարկմանը, որ «ԼՂՀ կառավարությունը որոշում է կայացրել, որ Թալիշի ու Մարտակերտի բնակիչները այլ տարածքում կվերաբնակեցվեն»: Նրա խոսքով՝ վերաբնակեցման առումով մի շարք մոտեցումներ կան, բայց ժամանակը ցույց կտա, թե որոնք են կիրառելի: «Իհարկե, թալիշցիների շրջանում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ցանկանում են վերադանալ: Բայց իրավիճակն այնպիսին է, որ միգուցե 1994-ին, երբ սկսվեց Թալիշի լայնածավալ բնակեցումը, հնարավոր էր մի քիչ հետ տալ բնակավայրը, որ կրակի տակ չլիներ, այն ժամանակ այլ նպատակ կար: Որոշ ռազմավարական խնդիրների ներքո ստորադասվեց այդ կարևոր հարցը: Հիմա կտեսնեք՝ ինչ կարևոր քայլեր կձեռնարկվեն: Երկու կարևոր հրամայական կա, որպեսզի այդ բնակավայրերի բնակչությունը չլքի Արցախը, և նրանք ապրեն անվտանգ»,-ասաց Դավիթ Բաբայանը:

 

Անդրադառնալով «Եկ Արցախ» ֆլեշմոբին, որի նպատակն է խրախուսել դեպի Արցախ զբոսաշրջությունը՝ Դավիթ Բաբայանը նշեց. «Ձեզանից յուրաքանչյուրի պարտքն է՝ մնալ հայրենքում, կապ չունի Հայաստանում, թե Արցախում: Երեխաներ բերեք, բազմացրեք ազգը և մնացեք այստեղ, ուրիշ տարբերակ չկա: Իսկ Սփյուռքում հայանպաստության մակարդակը պետք է բարձր մակարդակի վրա լինի, որ եռամիասնությունն աշխատի ընդմիշտ»: