ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը հատուկ ընտրությունների համար վերադարձել է Հայաստան, իր թիմի հետ աշխատել եւ հետ վերադարձել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը' Արզաքանցյանը:

Հիշեցնենք, որ նա պատգամավոր էր ընտրվել Գեղարքունիքի մարզից եւ այդ մարզում Սերժ Սարգսյանը հավաքել էր ամենաշատ ձայները: «Բացարձակ լավ ընտրություն գնաց: Իմ թիմով աշխատել եմ մեր նախագահի համար: Մենք հարազատ ձեւով աշխատել ենք, արդյունքերն էլ երեւում են: Մյուս մարզերից չեմ կարող խոսել, բայց մեր մարզում ընտրությունները շատ արդար ձեւով գնացին, իսկ շարժը շատ աշխույժ էր»,- ասաց Տիգրան Արզաքանցյանը: Հարցին, թե ինքն իր նախաձեռնությա՞մբ է եկել եւ աշխատել, թե՞ իրեն առաջարկել են, նա պատասխանեց. «Ես որպես ՀՀԿ խորհրդի անդամ, իմ պարտականություններն եմ կատարել»:

Անդրադառնալով իր քաղաքականություն վերադառնալուն, նա ասաց. «Ես հիմա 100 տոկոսով չեմ կարող ասել, բայց ամեն ինչ հնարավոր է: Սակայն մոտակա 4 տարին հաստատ չեմ վերադառնա, բայց ինչ վերաբերում է քաղաքական գործընթացներում իմ մասնակցությանը, կուսակցության կողքին կանգնած եմ ինչով կարող եմ»,- նշեց գործարարը, հավելելով, որ ներկա պահին իր ուժերը ներդնում է բիզնեսի մեջ:

Ներկա պահին Արզաքանցյանը չի ցանկանում խոսել իր բիզեսնի մասին, բայց 1 ամսից կասի, թե խոսքն ինչ բիզնեսի մասին է:

Ինչ վերաբերում է իր թիկնազոր ունենալուն, գործարարն ընդգծեց. «Հիմա թիկնապահների կազմակերպության օրինականացման գործընթացն ընթացքի մեջ է, որից հետո նոր միայն այդ կազմակերպության հետ պայմանագիր կկնքենք եւ կաշխատենք»: Ներկա պահին Արզաքանցյանն արտասահմանում է եւ այնտեղի թիկնապահների հետ է նորմալ աշխատում:

Դիտարկմանը թե իր դեմ մահափորձից հետո, երբ սպառնալիքները շարունակվում էին, կրկին շարունակվո՞ւմ են, թե' ոչ, նա արձագանքեց. «Ոչ ոք ապահովագրված չէ: Ես հիմա այդ խնդրին չեմ ցանկանում անդրադառնալ»: