ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը ևս խոստանում է պայքարել ստվերի դեմ:

«Պայքարելու ենք ստվերի դեմ, կպայքարենք, կտեսնենք։ Կա՛մ պիտի պայքարենք, կա՛մ չպայքարենք, ես միտված եմ պայքարել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նորանշանակ նախագահը՝ հավելելով, որ յուրաքանչյուր հարկային տեսչության պետ պետք է իր տարածքում գույքագրում կատարի, այնուհետև ներկայացնի: Նախարարի խոսքով՝ եթե կա ստվեր, պետք է նախ տեղն իմանալ, հետո դրա դեմ պայքարել: «Շատ կարճ ժամանակ դրա համար կպահանջվի: Երկար ժամանակ պետք չէ: Գույքագրելուց հետո պետք է պայքարել, որը և անելու եմ, ես դրա տեղը պետք է նախ իմանամ»,- ասաց Հարությունյանը:

Դիտարկմանը, թե չնայած այդ պայքարին, որոշ խոշոր տնտեսվարողներ, օրինակ՝ «Ալեքս Գրիգ»-ը, 2 մլրդ-ով նվազեցրել է հարկերը, դա՞ է իրենց պայքարի արդյունքը, ՊԵԿ նախագահը հավելեց. «Կներեք, դա կարող է շրջանառությունն է իջեցնել, ինչի՞ եք դուք տենց գնահատական տալիս: Բերեք հասկանանք՝ հարկերն իջել են ինչի արդյունքում. նվազել է շրջանառությո՞ւնը, ներմուծումնե՞րը, թե՞ դա ստվեր ա: Եթե դա ստվեր ա, ես ձեզ հավաստիացնում եմ, որ պայքարելու եմ, իսկ եթե դա ընդամենը շրջանառության նվազման արդյունքում ա տեղի ունեցել՝ այլ խնդիր է»:

Ճշտող հարցին՝ արդյոք ստուգե՞լ են արդեն՝ ինչի արդյունքում է նվազել, նախարարն ավելացրեց. «Հիմա ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, ես ձեզ կպատասխանեմ վաղը»:

Հիշեցնենք, որ «Ալեքս Գրիգ» ընկերությունը պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: