Եվրախորհուրդը դեկտեմբերի 15-ին կքննարկի եւ Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները երկարացնելու վերաբերյալ որոշում կընդունի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջարկությանը համապատասխան: Այդ մասին դեկտեմբերի 14-ին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ-ի բարձրաստիճան մի պաշտոնյա՝ իր անունը չհայտնելու պայմանով:

 

«Պետությունների եւ կառավարությունների ղեկավարները կքննարկեն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները երկարացնելու վերաբերյալ նախագահ Օլանդի եւ կանցլեր Մերկելի առաջարկությունները՝ նկատի առնելով Մինսկի համաձայնությունների կատարման գործում առաջընթացի բացակայությունը»,- ասել է ԶԼՄ-ների զրուցակիցը:

 

Նրա խոսքով՝ նման մակարդակով որոշման ընդունումը թույլ կտա հետագայում ավելի հեշտությամբ լուծել այն տեխնիկական հարցերը, որոնք կապված են այդ եզրակացությունների իրականացման հետ:

 

2014 թվականին Եվրամիությունը սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանից առանձին ընկերությունների եւ ֆիզիկական անձանց նկատմամբ՝ դա կապելով Ուկրաինայի արեւելքում իրադրության ապակայունացման եւ Ղրիմի անօրինական միացման հետ», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: