Գոնե մոտավոր պատկերացում կազմելու համար, թե ինչպիսի երևակայության ու ճկուն մտքի բացառիկ կրողներ կարող են լինել իշխանությունները, պետք է առնվազն մեկ բան հաստատ անել. հարկավոր է հետևել Հայաստանում ընթացող նախընտրական որոշ պրոցեսներին ու նշմարել հատկապես այն նորահայտ գործիքակազմերը, որ ընտրությունից ընտրություն՝ շարունակաբար կատարելագործում են վերևները՝ ՀՀԿ-ի հաղթանակն է՛լ ավելի անքննարկելի ու անկասելի դարձնելու համար:
Պետք է նկատել, որ նոր Ընտրական օրենսգիրքը, առավել՝ քան սրան նախորդած մյուս բոլոր համապատասխան փաստաթղթերը, տալիս է անկրկնելի հնարավորություն՝ «մաքուրով» ստանալու այն արդյունքը, որն ամենից շատ է ձեռնտու իշխող քաղաքական ուժին. 2017-ի ընտրություններն, անկասկած, աչքի են ընկնում որոշակի «օգտակար» նորարարություններով, որոնցից էլ մեծագույն հաճույքով առաջիկայում ՀՀԿ-ն օգտվելու է:
Դատելով ամենայնից՝ ՀՀԿ-ն նպատակադրվել է բոլոր ձայն բերողներին, բոլոր նրանց, ովքեր թեպետ քաղաքական գործչին հատուկ որակներով չեն փայլում, բայց իրենցից լուրջ ֆինանսական լծակներ են ներկայացնում, ԱԺ խցկել ռեյտինգային ցուցակով: Մասնավորապես՝ արդեն իսկ հայտնի է, որ, օրինակ, հանրահայտ «ՍԱՍ-ի Արտակը» մարտի է բռնվելու Արաբկիրի նախկին թաղապետ, «Երիցյաններ» ընկերության սեփականատեր՝ Ալբերտ Երիցյանի հետ, ով, ինչպես հայտնի է, բավական պատկառելի թիվ կազմող ձայներով ժամանակին ընտրվել էր թաղապետ: Իսկ, ասենք, Մալաթիա-Սեբաստիայում՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին բավական թեժ պայքար է սպասվում՝ արդեն հայտնի գործարար, իշխանությունների սիրելի Սամվել Ալեքսանյանի ու նույն այդ իշխանություններից ոչ այնքան մեծ հեռավորության վրա գտնվող, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի միջև: Ճիշտ է՝ ի տարբերություն, ասենք, նույն Երիցյանի՝ Հակոբյանի մասով որոշակի պարզություն՝ կարծես, կա (առաջադրվելու է ՀԱԿ-ի ցուցակով), բայց սույն հանգամանքն, ինչպես հասկանալի է, իրերի ու իրադարձությունների բուն տրամաբանությունը չի փոխում. բոլոր վերը նշվածներն էլ ջուր են լցնելու ՀՀԿ-ի ջրաղացին:
Իսկ թե հատկապես ինչն է ստիպում ՀՀԿ-ին՝ սեփական խնդիրների լուծման ճանապարհին առավելապես կրեատիվ լուծումներ փնտրել ու գտնել, անկասկած, առանձնապես գաղտնիք չէ. երկրում ստեղծված ծանրագույն սոցիալ-տնտեսական ու բարոյահոգեբանական մթնոլորտն է պատճառը: Համապատասխանները փայլուն կերպով գիտակցում են՝ կենացմահու այս պայքարում ժողովրդին այլընտրանք թողնելը կնշանակեր քաղաքական ինքնասպանության դիմել ու դատապարտվել հավերժ. մի բան, որ ոչ ոք չի պատրաստվում իրեն թույլ տալ:
Իշխանությունները, նման նախընտրական տրյուկ բանեցնելով, ընտրատարածքներում միմյանց դեմ դուրս բերելով սեփական մարդկանց կամ մեծ պոտենցիալ ունեցողներին, լուծում են մի քանի խնդիր. նախ՝ գործնականում զրոյացնում են ՀՀԿ-ին եկող հավանական հարվածի ուժգնությունը, չեզոքացնում վտանգը, երկրորդ՝ սրա-նրա առաջ վատամարդ դառնալու առիթ չեն ունենում, երրորդ՝ այս ամենի արդյունքում՝ ձայներն ի վերջո գնում են իշխանությանը, ու ենթադրյալ 30-35%-ի փոխարեն՝ այժմ, եթե հաջողությամբ կիրառվի համապատասխան բանաձևը, կհավակնեն շատ ավելի մեծ տոկոսների ու կունենան, ասենք, 700000-անոց ընտրազանգված. զուտ ֆորմալ իմաստով իհարկե:
Թե կոնկրետ ինչ արդյունքներ կգրանցվեն ընտրություններին, ինչ խոսք, կիմանանանք ապրիլի 2-ից ոչ շուտ, բայց որ ՀՀԿ-ին պետքական ոչ մի մարդ ապագա ԱԺ-ից դուրս չի մնալու, հաստատ է. եթե դու քեզնից ներկայացնում են ռեալ ռեսուրս, ապա չունեցածդ որակները բնավ էլ խոչընդոտ չեն կարող դառնալ:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ