Այն, որ Հայաստանում բոլոր տեսակի քաղաքական ընտրությունները, բայց հատկապես դրանցից ամենաազդեցիկներն ու կարևորագույն նշանակություն ունեցողները մշտապես մեծ հետաքրքություն են ներկայացրել արտաքին աշխարհի ու հատկապես Արևմուտքի համար, նորություն չէ. բավական է աչքով անցկացնել արևմտյան տարբեր տրամաչափի պաշտոնյաների՝ պարբերաբար այս կամ այն առիթով հնչեցրած ելույթները, որպեսզի անմիջապես պարզ դառնա՝ Հայաստանի վերաբերյալ նրանց տեսլականը մշտապես բխել է շատ կոնկրետ սկզբունքներից՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, բաց հասարակություն և այլն:
Հայտնի է, որ ժողովրդավարական արժեքների թիվ մեկ պաշտպանը ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում կա և մնում է Ամերիկան: Այս իմաստով՝ Հայաստանը, կապված հատկապես առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ, սկսել է հաճախ հայտնվել արևմտյան պաշտոնյաների դիտակետում, ովքեր, առանց ավելորդ սեթևեթանքների, կոնկրետ ազդանշաններ են սկսել ուղարկել ՀՀ իշխանությունների ուղղությամբ, որ ավելի շատ որոշակի սպառնալիքներ են պարունակում իրենց մեջ, քան՝ հորդոր:
Եվ ահա Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլզը, փետրվարի 1-ին ելույթ ունենալով Հայ-ամերիկյան առևտրի պալատի առաջ, հեռահար մտքեր է արտահայտել, որոնք, պետք է խոստովանել, բավական խորը շերտեր են իրենց մեջ պարունակում. բացի այն, որ Միլզը խիստ անբավարար է գնահատել Հայաստանում Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ձեռք բերած արդյունքները, նա հասցրել է խոսել նաև ապրիլյան դեպքերի մասին՝ համոզմունք հայտնելով, որ ապրիլյան ողբերգական բախումներից հետո իր համար պարզ է դարձել, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բացակայության պատճառով որքան շատ թանկարժեք ռեսուրսներ, որոնք ապահովվում են թե՛ հայերի, թե՛ Հայաստանի միջազգային ու սփյուռքի բարեկամների կողմից, չեն ուղղվում այն գերակա նպատակներին, որոնք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը սահմանել է իր համար:
Հարց է առաջանում՝ ի՞նչ ենթատեքստ կարող է պարունակել դեսպանի՝ բավականին նուրբ նկատառումը մի ժամանակաշրջանում, որը Հայաստանում ավելի շատ բնութագրվում է՝ որպես նախընտրական: Կասկած լինել չի կարող այն բանում, որ Միլզի խոսքերի բուն հասցեատերերը ՀՀ իշխանություններն են. Միլզը շատ կոնկրետ մեսիջ է հղում Հայաստանի ղեկավարությանը՝ ցանկանալով բավական նուրբ տոնայնության մեջ չափազանց խիստ ակնարկ կատարել՝ վերաբերող՝ հատկապես Հայաստանի անվտանգությանը: Նա, փաստացի, ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարը նույնականացրել է կամ սերտորեն կապել է արցախյան հակամարտության կարգավորման հետ:
Իսկ որո՞նք են կոռուպցիայի դրսևորումները մեր իրականության պայմաններում: Դրանք նախևառաջ համակարգային ծագում ունեցող այն պախարակելի երևույթներն են, որ ներսից կրծում են ողջ պետական համակարգը, և որոնք, խոշոր հաշվով, ընկած են երկրի քաղաքական համակարգի հիմքում: Անխոս՝ կոռուպցիայի մասին դեսպանի բացած թեման ուղղակիորեն վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, իսկ ավելի ճիշտ՝ դրանց անցկացման որակին: ԱՄՆ նոր վարչակարգը հստակ մեսիջ է հղում ՀՀ իշխանություններին այն մասին, որ, եթե այս անգամ էլ գործի դրվեն կլանային ու կոռուպցիոն մեխանիզմներն, իսկ ՀՀԿ վերարտադրության ճանապարհին միջոցների մեջ խտրականաություն չդրվի, ապա Հայաստանն առաջիկայում ոչ միայն բախվելու է տնտեսական մեծ դժվարությունների՝ պայմանավորված օտարերկրյա ներդրումների բացակայությամբ, այլև կանգնելու է սեփական անվտանգությունը լրջորեն վտանգելու շեմին. Արևմուտքում այլևս ոչ ոք արցախյան հիմնախնդրի հարցում Հայաստանի շահերը հաշվի չի առնելու ու չի նպաստելու տարածաշրջանային փխրուն խաղաղության ամրապնդմանը: Այլ կերպ ասած՝ եթե Հայաստանն ուզում է ապագա ունենալ այս տարածաշրջանում, ապա ՀՀ իշխանությունները պետք է ի սկզբանե երաշխավորեն առաջիկա ընտրությունների թափանցիկությունն ու որակը. նախկին գործիքակազմերը, որոնք կիրառվում էին՝ ցանկալի արդյունք գրանցելու, այլևս իրենց սպառել են:
Թե ինչո՞ւ է ԱՄՆ նոր վարչակարգը՝ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, կոշտացնում ՀՀ իշխանությունների նկատմամբ ունեցած դիրքորոշումը հատկապես հիմա, իհարկե, խոսակցության առանձին թեմա է, բայց այն, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները անքակտելիորեն կապված են լինելու ողջ Հայաստանի անվտանգության հետ, անկասկած է՝ հանգամանք, որ փաստի առաջ է կանգնեցրել Հայաստանի քաղաքական ղեկավարությանը ու որից գլուխ հանելն այնքան էլ հեշտ չի լինելու նրա համար...
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ