Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ սահմանված եվրոպական պատժամիջոցների մեղմացման դեմ, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

«Մեծ Բրիտանիան պնդելու է, որ պատժամիջոցները մեղմացնելու պատճառներ այժմ չկան: Հարկավոր է շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա»,- լրագրողներին ասել է նախարարը Բրյուսելում Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի նախաշեմին:

Նույն տեսակետն է հայտնել Լիտվայի արտգործնախարարության ղեկավար Լինաս Լինկյավիչյուսը: «Պատժամիջոցներն անհրաժեշտ է պահպանել, որովհետեւ մենք դրանք չեղարկելու պատճառներ չենք տեսնում»,- հայտարարել է Լինկյավիչյուսը:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԱՄՆ-ին հորդորել է իրեն «զգույշ» պահել Ռուսաստանի հետ: Նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հանդիպմանը Մեյն ասել է, որ առայժմ վաղ է վերացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները: