Որքան էլ ոմանք, սովորության համաձայն, մատների արանքով նայեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին, փաստ է, սակայն, որ դրանք, ըստ էության, պատմական նշանակության ընտրություններ են լինելու. Հայաստանը դառնում է խորհրդարանական կառավարմամբ պետություն: Իսկ, ինչպես հայտնի է, ոչ մի այլ կառավարման մոդելի պարագայում՝ քաղաքական գաղափարախոսություններն ու քաղաքական ուժերի կողմից առաջ քաշված ծրագրերն այնքան չեն կարևորվում ու չեն խաղում հիմնահենքային նշանակություն երկրի հետագա զարգացման հարցում, որքան խորհրդարանական կառավարմամբ երկրներում, ուր կուսակցությունների դերն ու նշանակությունն առավել քան բարձր է:

Այս իմաստով՝ պետք է նկատել, որ ապրիլյան ընտրությունները, եթե դրանք անցկացվեին բացառապես համամասնական ընտրակարգով, այսինքն՝ քաղաքական ընտրապայքարն ընթանար միմիայն քաղաքական ուժերի միջև, միգուցե հնարավոր կլիներ ենթադրել՝ 2017-ի ընտրությունները վերոհիշյալ իմաստով կարող էին և բեկումնային լինել: Բանն այն է, սակայն, որ, նոր Ընտրական օրենսգրքի համաձայն՝ մեկ այլ ընտրակարգ ևս՝ զուգահեռ համամասնականին, ապրիլին կիրառվելու է, և դա ռեյտինգային ընտրակարգն է, որ, ըստ էության, գալիս է փոխարինելու տխրահռչակ մեծամասնական ընտրակարգին: Ասել կուզի՝ առնվազն ռեյտինգային պայքարի պարագայում ակնկալել ինչ-որ գաղափարների կամ կոնցեպտների մրցակցություն, ակնկալել իրական քաղաքական պայքար՝ դրա կլասիկ իմաստով, անհնար է լինելու: Կասկածից վեր է՝ ռեյտինգային ընտրակարգը ժառանգել է մեծամասնական ընտրակարգին հատուկ բոլոր բացասական գծերը, և այն բոլոր տհաճ դրսևորումները, որոնց երբևիցե ականատես ենք դարձել մեծամասնական ընտրակարգի պարագայում, նույնությամբ, եթե ոչ է՛լ ավելի սուր դրսևորումներով, ականատես ենք դառնալու և ռեյտինգայինի պարագայում, ինչը լրջագույն հարցականի տակ է դնելու անցկացվող ընտրությունների որակն ու բնույթն՝ առհասարակ:

Անքննարկելի է՝ ճիշտ կողմնորոշվելու ու սեփական խղճին ու համոզմունքներին համապատասխան ընտրություն կատարելու համար՝ շարքային ընտրողը պետք է ականատես դառնա նախևառաջ գաղափարական մրցապայքարի, քաղաքական ուժերի կողմից առաջ քաշվող կոնցեպտների ու ծրագրերի միջև իրական մրցակցության, առանց որի՝ քաղաքական ընտրությունները, որպես այդպիսին, դառնալու են անիմաստ. պետք է անել ամեն ինչ՝ առաջիկա ընտրությունները հնարավորինս գաղափարայնացնելու:

Բայց որքան էլ քաղաքական ուժերի կողմից առաջ քաշված ծրագրերը կարևորվեն, որքան էլ դրանք հիմնավոր կամ համոզիչ թվան, փաստ է՝ դրանք Հայաստանին ոչինչ չեն տա, եթե դրանք առաջ քաշողները հետագայում, երբ ընտրապայքարն այլևս անցյալում կլինի, չունենան բավարար կամք ու արժանապատվություն՝ կետ առ կետ հետևելու այն բոլոր գաղափարական պոստուլատներին ու ծրագրային հիմնադրույթներին, որոնց մասին բարձրաձայնում էին ընտրապայքարի ժամանակ: Այլ խոսքերով՝ գերկարևոր խնդիր է ոչ միայն գաղափարն ինքնին, այլև այն կյանքի կոչող դեմքերի ով լինելը:

Հարց է առաջանում՝ որքանո՞վ կարող է ընտրողը վստահ լինել, որ այս կամ այն քաղաքական ուժի կողմից հնչեցված խոստումներն ու ծրագրերը նույնությամբ կյանքի են կոչվելու, երբ, ինչպես Հայաստանի քաղաքական պատմության առնվազն վերջին տասնամյակներն են փաստում, ոչ միշտ է, որ նախընտրական խոստումներն ու ծրագրերը կյանքի են կոչվում. դրանք հիմնականում մոռացվում են՝ ընտրական սեզոնի փակմանը զուգահեռ:

Պատասխանը, կարծում ենք, առավել քան ակնհայտ է. ընտրողը պետք է նայի անցյալին, ուսումնասիրի քաղաքական ուժերի առաջխաղացման դինամիկան ու խելամտորեն համադրի խոսքերը՝ գործերի հետ. մի փոքր խորագիտությունն ու խորաթափանցություն, այս իմաստով, քաղաքացուն չէր խանգարի. քվեարկելիս պետք է առաջնորդվել ոչ թե էմոցիաներով, այլ՝ կոնկրետ սկզբունքներով և ընտրել այն ուժին, որը գործնական հարթությունում է ապացուցել՝ խոսքը գործ է…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ