Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, թե ՀՀ նախագահի թեկնածուներից մեկը աղանդավորական կառույցի ներկայացուցիչ է։

Ալեքսանդր Ամարյանը, սակայն չցանկացավ նշել, թե կոնկրետ ում մասին է խոսքը, այլ պարզապես ասաց, որ դրա մասին կխոսի, երբ Հայաստանում ավարտվեն հետընտրական զարգացումները:

«Մենք ուզում էին նրա անունը հրապարակել մինչև ընտրությունները, բայց վախեցանք հակաքարոզչություն անել: Բայց նրա անունը ուղիղ կապ ունի հանրահավաքների հետ: Հիշենք Ուկրաինայում ինչ արեցին «Աստծո դեսպանատուն» կառույցի ներկայացուցիչները, հիսուն հազար մարդ դուրս հանեցին։ Ընդհանրապես բոլոր երկրներում գունավոր հեղափոխություն իրականացրել են աղանդավորական շարժումների մեջ գտնվող քաղաքական գործիչները»,-ասաց նա:

Անդրադառնալով «Աստծո հարսնացուները» կոչվող աղանդավորական կառույցին՝ նա ասաց, որ այն նոր չէ, պարզապես անվանումն է նոր և անծանոթ մարդկանց:

Նա պատմեց, որ երբ Ուկրաինայում կատարվեց գունավոր հեղափոխություն, այն ժամանակ այնտեղ «Աստծո դեսպանատուն» կառույցն էր գործում, իսկ հեղափոխությունից հետո այն անվանափոխվեց և Հայաստանում հայտնվեց որպես «Կենդանի հավաք» կառույցը:

«Հետագայում այս շարժումը դուրս եկավ «Աստծո դեսպանատուն» կառույցից և դարձավ «Աստծո հարսնացուները» և ստեղծվեց առանձին հավատք։ Սրանք նոր չեն գործում, արդեն մոտ երկու տարի է, սակայն ասպարեզ են դուրս գալիս այս անվամբ՝ նոր»,- ասաց նա: