Եվրամիությունը գործի է դրել Սիրիայի դեմ լրացուցիչ պատժամիջոցները, որոնք սահմանվել են կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի ենթադրվող օգտագործման կապակցությամբ: ԵՄ-ի խորհրդի համապատասխան որոշումը հրապարակել է Եվրամիության պաշտոնական հանդեսը:
Սիրիայի քաղաքացիների սեւ ցուցակում, որոնց արգելված է մուտք գործել Եվրամիության տարածք եւ օգտվել նրա բանկային համակարգից, ավելացրել են սիրիական զինված ուժերի երկու գեներալ-մայորների եւ երկու բրիգադային գեներալների:
ԵՄ-ի խորհուրդն ընդգծել է, որ այս պահից սկսած Սիրիայի վերաբերյալ ԵՄ-ի սեւ ցուցակում ներառված է 239 մարդ: «ԵՄ-ն, ՄԱԿ-ի հովանու ներքո ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան, հավատարիմ է մնում Սիրիայի հակամարտության կայուն քաղաքական լուծում գտնելուն, քանի որ Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմը ռազմական լուծում չունի»,-ասված է փաստաթղթում:
Սիրիայի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցներն պատժամիջոցների ամենածավալուն փաթեթներից մեկն է, որը երբեւիցե սահմանվել է Եվրամիության կողմից: Դրանք փուլ առ փուլ ընդլայնվել են 2012 թվականից, այսօրվա դրությամբ ներառում են Սիրիայից նավթի ներմուծման, այդ երկիր պատրաստի վառելիքի եւ նավթամթերքի մատակարարումների արգելք, ներդրումների սահմանափակում, ԵՄ-ում Սիրիայի կենտրոնական բանկի ակտիվների սառեցում, երկակի նշանակության տեխնոլոգիաների, ինչպես նաեւ մոնիթորինգի կամ հեռախոսային ու ինտերնետ-հաղորդակցությունների արգելափակման միջոցների եւ սարքավորումների առեւտրի արգելք:
Բացի այդ, ԵՄ-ի սեւ ցուցակում ներառված են Սիրիայի 239 ֆիզիկական եւ 67 իրավաբանական անձինք, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: