Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր հրավիրել է ՊՆ ղեկավար կազմի, ստորաբաժանումների հրամանատարների, նրանց տեղակալների, ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների ընդլայնված նիստ:

Խոսելով շփման գծում տիրող վիճակի մասին՝ Հասանովը շփման գծում տեղակայված ստորաբաժանումների հրամանատարներին հրահանգել է պատրաստ լինել ամենաակտիվ ռազմական գործողությունների, թշնամուն շունչ քաշելու հնարավորություն չտալ, մշտական վերահսկողության տակ պահել հակառակորդի գործունեությունը եւ հնարավորինս լուրջ վնասներ հասցնել:

Թե ում դեմ է հարևան խանության պաշտպանության նախարարը ակտիվ ռազմական գործողությունների նախապատրաստվում, մնում է միայն կռահել: Օրերս նույն այդ զինված ուժերը ի ցույց դրեցին իրենց «հզորությունը» բավական լայնածավալ զորավարժությունների ընթացքում: Եթե դրանով պատրաստվում էին ցնցել մեր հանրությանը, ապա թիրախին չեն կպել, քանի որ մենք շատ ավելի լուրջ խնդիրներ ունեինք, քան՝ հարևան սուլթանաթում տանկային բիատլոնին հետևելը:

Թերևս Հասանովը գերագնահատել էր հայերիս շրջանում ազերական յուրաքանչյուր վայնասունին արձագանքելու ցանկությունը: Եվ տեսնելով, որ զորավարժությունները չթողեցին իրենց սարսափազդու ազդեցությունը, այսօր արդեն կրտսեր սուլթանի պաշտանության նախարարը նոր ռազմատենչ հայտարարությամբ է հանդես եկել: Ընդ որում, թշնամու կերպարը այդ հոխոռտանքի մեջ խիստ լղոզված է, և դա հասկանալի է: Ադրբեջանական հանրությանը երկար պետք չէ բացատրել, թե ով է թշնամին, դա նրանց սերմանում են մանկապարտեզից:

Իսկ այ միջազգային հանրությունը կարող էր մատ թափ տալ Ադրբեջանի վրա, եթե հայտարարությունը լիներ հասցեական: Հատկապես որ, այդ նույն միջազգային հանրությունը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է հասցնել Բաքվի տիրակալին, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Հետևաբար Հասանովին այլ անելիք չի մնում, քան պարբերաբար հավաքել պարտված բանակի ղեկավար կազմին և անհասցե ռազմատենչ հոխոռտանք բարձրացնել՝ մեր և միջազգային հանրության համար ծիծաղի առարկայի վերածելով այդ երկրի ողջ պաշտպանական կառույցը….

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ