Այսօր՝ ապրիլի 23-ին, անց են կացվում Ֆրանսիայի պատմության 11-րդ նախագահական ընտրությունները:

Ֆրանսիայում երկրի նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով' փակ, գաղտնի, անմիջական քվեարկության արդյունքում: Երկրում ընտրելու իրավունք ունի շուրջ 47 միլիոն մարդ: Մինչ նախագահի պաշտոնը լքող Ֆրանսուա Օլանդը, բարձրագույն պետական պաշտոնն այս երկրում զբաղեցրել են Շառլ դե Գոլը, Ժորժ Պոմպիդուն, Վալերի Ժիսկեր դ'Էսթենը, Ֆրանսուա Միտերանը, Ժակ Շիրակն ու Նիկոլա Սարկոզին:

Նախագահական այս ընտրություններն ամենաանկանխատեսելին են երկրի պատմության ընթացքում: Առաջին անգամ ընտրությունների երկրորդ փուլ անցնելու իրական հնարավորություն ունի նախագահի միաժամանակ 4 թեկնածու:

Նախագահի պաշտոնն ստանձնելու համար պայքարում է 11 թեկնածու, որոնց ԶԼՄ-ները պայմանականորեն 2 խմբի են բաժանել' առաջատարներ և ետնապահներ:

Առաջին խմբում են «Առաջ» շարժման ղեկավար Էմանուել Մակրոնը (ըստ հարցումների' 22.5%-24.5%), աջակողմյան ազգային ճակատի առաջնորդ Մարին Լե Պենը (22%-23%), Հանրապետական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը (19.5%-21%), ծայրահեղ ձախակողմյան թեկնածու Ժան Լյուկ Մելանշոնը (16.5%-19%) և իշխող Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Բենուա Ամոնը (6.5%-8%):

Ետնապահների ցուցակում հայտնված թեկնածուները հազիվ թե հավաքեն ընտրողների ձայների 3%-5%-ը:

Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցկացվելու են երկու փուլով՝ 2017 թվականի ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին:

BVA հասարակական կարծիքի կենտրոնի եւ Salesforce ընկերության կողմից անցկացված հարցման տվյալներով, որոնք հրապարակվել են դեկտեմբերի 7-ին, երկրորդ փուլ կանցնեն «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը եւ նրա ընդդիմախոսը՝ Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը: Դրա հետ մեկտեղ հարցումը նշում Է Ֆիյոնի զգալի առավելությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: