Օպտիմալացման հետ կապված վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը մի շարք դպրոցներում տագնապ է առաջացրել:

 

Այն դպրոցները, որոնք ունեն 150-200 աշակերտ, փակման վտանգի տակ են, ու հիմա ուսուցիչներն ուզում են հասկանալ՝ դպրոցները օպտիմալացնելով և մի քանիսը փակելով, իրենց աշխատանքով ապահովո՞ւմ են, թե՞ դառնալու են գործազուրկներ: Փաստացի՝ սա նշանակում է, որ օպտիմալացման ծրագրի շրջանակում անխուսափելիորեն փակվելու են դպրոցներ: Եվ վարչապետի հանձնարարականով առաջնորդվելու դեպքում՝ նախարարությունը ստպված է լինելու փակել ոչ թե 20, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, այլ ավելի շատ դպրոցներ:


Դպրոցն ու կրթությունը սովորական բիզնես չեն, և այստեղ պարզ ֆինանսական հաշվարկներով առաջնորդվելը հեռանկարային չի կարող լինել, որովհետև դպրոց փակելը Հայաստանի նման երկրում նշանակում է էականորեն վատթարացնել տվյալ բնակավայրի միկրոմիջավայրը: Իսկ գյուղական դպրոցների փակումը կամ միավորումը ընդհանրապես անթույլատրելի է, որովհետև գյուղի դպրոցը փակելը նույնն է, թե փակել գյուղը: Տպավորություն է, որ տնտեսական եւ ֆինանսական նպատակահարմարությունը դարձել է այս կառավարության միակ գերակայությունը. ֆինանսական նպատակահարմարությունը եւ տնտեսական հաշվարկները, պետություն կառուցելիս, երբեմն վատ խորհրդատու են։ Եթե մենք առաջնորդվենք այդ սկզբունքներով, ապա ինքնուրույն պետություն պահելը կարող է ոչ նպատակահարմար լինել, ավելի նպաստավոր կլինի, եթե գաղութի կարգավիճակում լինենք, քանի որ մետրոպոլիան կհոգա բոլոր կարիքները, ինչպես դա խորհրդային տարիներին էր։ Բայց այդ ճանապարհը տանում է փակուղի։

 

Ստելլա Խաչատրյան