Ազգային ժողովի նախագահի թեկնածու Արա Բաբլոյանի համար անակնկալ է եղել, որ իշխող Հանրապետական կուսակցությունը հենց իրեն է առաջադրելու նորընտիր օրենսդիրի ղեկավարի պաշտոնում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արա Բաբլոյանն ընդգծեց, որ մի քանի օր առաջ է միայն այդ մասին իմացել: «Ես հույս ունեմ, որ կանեմ այն ամենը, ինչ ինձանից այս պաշտոնում աշխատելու ընթացքում սպասում է ժողովուրդը»,- ասաց Բաբլոյանը:

 

Հարցին, թե՝ իր համար հեշտ կլինի՞ փոխարինել Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանին, Արա Բաբլոյանը պատասխանեց, որ դա այնքան էլ հեշտ չի լինելու, քանի որ Գալուստ Սահակյանը քաղաքական և խորհրդարանական կյանքում շատ լուրջ փորձառություն ունի:

 

Իսկ լրագրողների այն հարցին, թե չարաճճի պատգամավորներին ինչպե՞ս է պատժելու, Արա Բաբլոյանը կատակեց. «Դուք գիտեք՝ ես մանկաբույժ եմ, չարաճճի երեխաների հետ հաճույքով աշխատում եմ և կաշխատեմ բոլորի հետ»:

 

Անդրադառնալով խոսակցություններին, թե Ազգային ժողովում իր պաշտոնավարումը ժամանակավոր է լինելու, ԱԺ նախագահի թեկնածուն ընդգծեց, որ ժամանակը ցույց կտա՝ վստահեցնելով, որ եթե կարողանա, մինչև 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտ կղեկավարի օրենսդիր մարմինը: