«Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Վահան Կարապետյանը պարզաբանել է, թե ինչու էր խորհրդարանական ընտրություններից հետո մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ապա ետ վերցրել այն: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Կարապետյանն ընդգծեց, որ ինքը հիասթափված է եղել ընտրությունների արդյունքներից և որոշել է ինքնաբացարկի դիմում ներկայացնել՝ վստահեցնելով, որ մանդատից հրաժարվելու դիմումը ներկայացրել է իր որոշմամբ, որևէ մեկը իրեն չի ստիպել գնալ այդ քայլին: «Ինձ չէին գոհացնում ընտրությունների արդյունքները, ավելի շատ ձայներ էի ակնկալում ստանալ: Հիասթափված էի և մանդատից հրաժարվելու դիմում գրեցի, բայց հետո փոշմանեցի ու ետ վերցրեցի այն»,- ընդգծեց նա:
Վահան Կարապետյանը նշեց, որ իրեն մանդատից հրաժարվելու դիմումը հետ վերցնելու հարցում համոզել է իր թիմը: «Մեր թիմը խնդրում էր, որպեսզի ես պահեմ մանդատը, և ես գնացի պարոն Ծառուկանի մոտ, նրան ասացի, որ ես մանդատը չեմ ցանկանում վերցնել, սակայն թիմն այդպես է ուզում, որոշեցինք, որ ես ետ վերցնեմ ինքնաբացարկի դիմումը»,- ասաց Կարապետյանը:
Նա ընդգծեց, որ այս պահի դրությամբ չի պատրաստվում վայր դնել մանդատը, սակայն նշեց, որ կվարվի այնպես, ինչպես կորոշի կուսակցությունը: Պատգամավորն ասաց, որ կուսակցությունից և Գագիկ Ծառուկյանից երբեք ոչ մի քայլ չի հեռացել ու շարունակում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին:
Վահան Կարապետյանը «Ծառուկյան» դաշինքից ընտրված այն 8 պատգամավորներից մեկն է, ովքեր ընտրություններից հետո ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Սակայն հետո նա ետ էր վերցրել դիմումը և մանդատ ստացել: Այդ պատգամավորներից երեքը՝ Խաչիկ Մանուկյանը, Արտյոմ Ծառուկյանը և Հարություն Ղարագյոզյանը մայիսի 19-ին մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: