ՀԱՊԿ ինստիտուտի հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Նվեր Թորոսյանի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ-ի կողմից անդամ պետություններին կմատակարարվի նոր սպառազինություն, օդային համակարգեր այն գներով, որոնք որ գործում են Ռուսաստանի ներքին շուկայում. «Հայաստանին հակաօդային պաշտպանության միջոցների ու ծանր սպառազինության մատակարարումն ավելի շուտ պետք է ավարտվեր, բայց մի շարք խնդիրների պատճառով դա երկարաձգվեց: Եթե արտառոց որևէ բան չլինի, մինչև 2018- 19  թվականները Հայաստանին կմատակարարվի այդ տեխնիկան»,-ասաց նա:

 

Վերջինիս համոզմամբ՝ ՀԱԿՊ կառույցն ունի պարտավորվածություն անդամ պետությունների ռազմական հագեցվածություն ապահոովելու համար:

 

ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ արդյո՞ք ՀԱՊԿ-ը Հայաստանին ռազմական տեխնիկա կմատակարարի նաև անվճար հիմունքներով, Նվեր Թորոսյանը պատասխանեց. «Կա ձեռք բերված պայմանավորվածություն՝ Հայաստանին, Բելառուսին և Ղազախստանին նաև անվճար զենք մատակարարելու համար»,-նշեց պաշտոնյան:

 

Մեր դիտարկմանը՝ Հայաստանին անվճար զենք մատակարարելու պայմանավորվածությունը իրականացման քանի՞ տոկոսի հավանականություն ունի և խոսքն ի՞նչ զինատեսակների մասին է, Նվեր Թորոսյանը պատասխանեց. «Պայմանավորվածություններ  և քննարկումներ եղել են, առավել մանրամասն տեղեկատվություն այս պահին չեմ կարող ասել, քանի որ այն գաղտնի է»:


ՀԱՊԿ ինստիտուտի նորանշանակ տնօրեն Նվեր Թորոսյանից հետաքրքրվեցինք՝ ինչպիսի՞ն է ՀԱՊԿ դիրքորոշումը Նախիջևանում թուրքական ռազմաբազայի տեղակայման հարցի վերաբերյալ: Հարցին ի պատասխան՝ պաշտոնյան ասաց. «Նախիջևանում տեղակայվող ռազմաբազայի մասին  տեղեկատվությունը դեռ հստակ չէ, իսկ եթե կոնկրետ Թուրքիան որոշի ռազմաբազա տեղակայել այդ տարածքում, ՀԱՊԿ-ը կարտահայտի իր բացասական կարծիքը, բացասական է լինելու նաև միջազգային հանրության արձագանքը: Եթե Թուրքիան չգնա արկածախնդրության, կարծում եմ՝ կհասկանա, որ Նախիջևանում ռազմաբազա պետք չէ տեղակայել»:

 

Աղավնի Սուքիասյան