Սննդային թունավորումից մեկ երեխա է մահացել, եւս շուրջ 800 մարդ տուժել Իրաքի Մոսուլ քաղաքի մերձակա փախստականների ճամբարում: Այս մասին հայտնել է Rudaw հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ տուժածների մոտ, որոնց մեծամասնությունը երեխաներ են ու տարեց արդիկ, դիտվում են ցավեր փորի շրջանում եւ ջրազրկում: Այնտեղ է ուղարկվել շտապ օգնության 40 ավտոմեքենա: Հիվանդների մեծ մասը հոսպիտալացված է, շատերը ծանր վիճակում են:

Ինչպես նշել է հեռուստաալիքը, Կատարի բարեգործական հիմնադրամներից մեկը կազմակերպել է իֆթար (կերակրի առաջին ընդունումը Ռամադան պահքին դրանից ձեռնպահ մնալու օրվանից հետո) 2 հազար իրաքցիների համար Մոսուլից 30 կիլոմետր արեւելք գտնվող տեղահանվածների ճամբարում: Ինչպես պնդում է հեռուստաալիքը, հենց այդ կերակուրն է հանգեցրել զանգվածային թունավորման, այն պատվիրվել էր Էրբիլի ռեստորաններից մեկում: Հաստատության տերը ձերբակալված է: Կատարվում է հետաքննություն:

Ժամանակավոր տեղավորման ճամբարը մայիսին բացել է ՄԱԿ-ի Փախստականների գործերի գլխավոր կոմիսարի վարչությունը, այն նախատեսված է 9 հազար մարդու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: