ԵԼՔ դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը չի կիսում տեսակետը, որ Հայաստանում հնարավոր է զինված ապստամբության միջոցով հասնել իշխանափոխություն. «Ես,  ինչպես  նախկինում, հիմա էլ նույնպես այն կարծիքն ու համոզումն ունեմ, որ զենքի ուժով ներքաղաքական կյանքում անթույլատրելի է խնդիրներ լուծելը լինի դա իշխանության, թե ընդդիմության մտահաղացում: Քաղաքական հարցերը լուծում են քաղաքական հարթակներում, քաղաքական բանավեճերի, հանրության լայն զանգվածների մասնակցությամբ»,-այսօր այս մասին Ազգային Ժողովում ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Արամ Սարգսյանի համոզմամբ՝ նման ուժային տարբերակները տանում են քաղաքացիական պատերազմների՝ ապստամբության, որի ո՛չ շռայլությունը, ո՛չ հնարավորությունը մենք այսօր չունենք:

Պատգամավորը նաև ընդգծեց, որ նախքան զինված ապստամբության մասին խոսելը, նախ պետք է տեսնել՝ որքանով են իրատեսական ապստամբության կոչ անողի կամ նման քայլի դիմող կողմի առաջարկները և նաև  հասկանալ, եթե դրանք այդքան իրատեսական են, ինչո՞ւ առաջարկ անողները չհաջողեցին նախորդ անգամ:

 Հարցին՝ արդյոք իր այս տեսակետը կիսո՞ւմ է նաև ԵԼՔ կուսակցությունների դաշինքը, Արամ Սարգսյանը պատասխանեց. «ԵԼՔ-ում նման հարց չի քննարկվել և սա, որպես պատգամավոր, իմ անձնական կարծիքն է»:

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին, ինչպես հայտնի է, տեղի ունեցավ «Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստը, որը պարբերաբար ընդմիջվում էր դատավորի կողմից փաստաբանների և մեղադրյալների նկատմամբ սանկցիաներ կիրառելու պատճառով: Նիստի ընդմիջումներից մեկից առաջ »Սասնա Ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը նստած տեղից ժողովրդին զինված ապստամբության կոչ արեց: «Զե՛նք վերցրեք, Սերժին ու իր բանդային ֆիզիկապես ոչնչացրե՛ք»,-ասաց նա, ինչից հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական նիստը խախտելու եւ տեղից հայտարարություն անելու համար նրան հեռացրեց նիստերի դահլիճից: