Առաքելական եկեղեցին այսօր նշում է Մեծ պահքի չորրորդ՝ Տնտեսի կիրակին: Եկեղեցիներում այսօր պատարագի ժամին ընթերցվում է անիրավ տնտեսի մասին առակը:

Ղուկասի ավետարանի համաձայն՝ մի մեծահարուստ իմանում է, որ տնտեսը վատնում է իր ունեցվածքը, կանչում է իր մոտ և հաշիվ պահանջում: Աշխատանքը չկորցնելու համար տնտեսը դիմում է խորամանկության: Նա կանչում է տիրոջ պարտապաններին և նրանց շնորհում ունեցած պարտքի մի մասը: Սակայն նա միայն հրաժարվում է այն պարտքերից, որոնցից ինքը եկամուտ ուներ:

Տերը գովում է տնտեսին, քանի որ նա մտածում էր միայն իր ապագայի մասին:

Առակը խորհրդանշում է տնտեսի հրաժարումը իր հասանելիքից և իրեն վստահվածը ի շահ անձնական բարիքի օգտագործումից՝ գիտակցելով, որ մի օր հաշիվ պիտի տա Աստծուն:

Նշենք, որ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ազգագրագետ Սամվել Մկրտչյանն էլ հավելեց, որ Մեծ պահքի ընթացքում մինչև ժամերգության ավարտը մարդիկ ծոմ էին պահում, թե՛ մեծ, թե՛ փոքր միայն Պատարագից հետո էին համտեսում Պասի համեղ ուտեստները:

Երեխաները ավանդական պոչով ապուրը, ավելուկն ու մախոխը համտեսելուց հետո բարձրանում էին երդիկները, այնքան խփում ակլատիզին, մինչև նրա փետուրներից ևս մեկն ընկնում էր: Այսպիսով ավարտվում էր Պահքի ևս մեկ շաբաթ: