Ազատ ոճի Հայաստանի ազգային հավաքականի չորս ըմբիշներ Կասպիյսկ քաղաքում մասնակցում են Ալի Ալիեւի հուշամրցաշարին:
Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնել էր, որ մրցավայր մեկնելու են հինգ ըմբիշներ, որոնք ընթացիկ տարում համեմատաբար քիչ գոտեմարտեր են անցկացրել միջազգային գորգում: Սակայն Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը ավելի ուշ ճշտեց, որ 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը վնասվածք է ստացել եւ չի մեկնել:
Կասպիյսկում մրցումային առաջին օրը գորգ մտել են Գարիկ Բարսեղյանը՝ 57 կգ քաշային կարգ, Վալտեր Մարգարյանը՝ 70 կգ եւ Գեորգի Կետոեւը՝ 97 կգ: Առաջին երկուսն անմասն են մնացել մրցանակային տեղերից, իսկ Կետոեւը դարձել է բրոնզե մեդալակիր:
Մրցագորգ մտած մեր վերջին ներկայացուցիչը՝ 86 կգ քաշային Վահե Թամրազյանը, մեկնարկային գոտեմարտում պարտվել է, իսկ այնուհետեւ սփոփիչ մարտերին մասնակցելու եւ երրորդ մրցանակային տեղի համար պայքարելու հնարավորություն չի ստացել: