ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում  Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը հայտնեց, որ ամբողջ գյուղն այսօր ոտքի է կանգնել և փակել Երևան-Վարդենիս-Արցախ ճանապարհը:  «Պահանջում ենք ոռոգման ջուր մատակարարել մեր գյուղին: 500 հա մեր կարտոֆիլի ցանքատարածքները ամբողջությամբ չորացել են, իսկ մեր համայնքը մատակարարում էր կարտոֆիլը Արցախին և Երևանին: Հիմա ի՞նչ են անելու, մնացել ենք առանց կարտոֆիլի»,-նշեց համայնքի ղեկավարը:

Մեր հարցին՝ արդեն որքա՞ն ժամանակ է, որ համայնքը զրկված է ոռոգման ջրից, Ռոբերտ Խաչատրյանը պատասխանեց. «Այն օրվանից, երբ ՋՕ-ի պետ բերեցին-դրեցին երևանցի մի երիտասարդի, ով ոչ պոմպից է հասկանում, ոչ էլ գիտի՝ ոռոգման համակարգն ինչ է»։

Աստղաձորի ղեկավարը մեզ փոխանցեց, որ Երևանից իրեն փոխանցել են, որ պաշտոնյաներ կգան և կփորձեն գյուղացիների խնդիրներին լուծում գտնել՝ շեշտելով, որ միայն բողոքի ակցիա անելով և մայրուղիներ փակելով, չեն բավարարվելու. դիմելու են ավելի կտրուկ միջոցների: 

Աղավնի Սուքիասյան