aravot.am-ի էլեկտրոնային հասցեին Համահայկական երիտասարդական շարժման կողմից հաղորդագրություն էր եկել, որով ասվում էր, որ շարժման անդամներից մեկը գտնվում է Հոկտեմբերյանում և տեղեկացնում՝ այսօր 17:30-ի դրությամբ Հոկտեմբերյան-Երևան ճանապարհը փակել են գյուղացիները, որոնք կառավարությունից պահանջում են կարկուտի արդյունքում գյուղացուն պատճառած վնասի փոխհատուցում: Մեզ հաջողվեց խոսել Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ Պետրոսյան Մելսիդայի հետ, ում ամուսինը նույնպես գնացել էր միանալու բողոքին:

Տիկին Մելսիդան պատմեց, որ կարկուտն այս գիշեր վնասել է ամբողջ բերքը, ոչինչ չի խնայել. «Մի ճյուղ չի մնացել: Ամուսինս գնացել է միանալու բողոքին, Գյուղատնտեսության նախարարությունից փոխհատուցում ենք պահանջում, օգնություն, գյուղացու ձեռքը այլեւս բան չի մնացել, հարյուր տոկոսանոց վնաս է հասցված. կարկուտը համ բաղերն ա վնասել, համ առվույտի դաշտերը, բանջարաբոստանային կուլտուրաները, նույնիսկ մոլախոտը գետնին ա հավասարացրել»,- ասաց տիկին Մելսիդան:

Նա պատմեց, որ ամբողջ գյուղն է այդ վիճակում, բոլորի պահանջն էլ ուղղված է կառավարությանը՝ գյուղացու կողքին կանգնելու եւ փոխհատուցում տրամադրելու, այլապես գյուղացուն ապրելու որեւէ միջոց չի մնացել:

Հռիփսիմե Հովհաննիսյան