Մոսկվայի և Թբիլիսիի ներկայացուցիչները պայմանավորվել են կյանքի կոչել 2011-ին ՌԴ և Վրաստանի միջև «Առևտրային միջանցքների մասին» պայմանագիրը, որոնք անցնելու են Վրաստանի նախկին ինքնավարությունների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով:
Այդ մասին հայտնի է դարձել Պրահայում ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Զուրաբ Աբաշիձեի միջև բանակցությունների արդյունքում, գրում է «Կոմերսանտը»:
Պայմանագիրը թույլ է տալիս կողմերին առևտուր անել և զարգացնել տրանսպորտային հաղորդակցությունն Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով` չանդրադառնալով դրանց կարգավիճակին: Դա թույլ կտա գործարկել Հարավային Օսիայով անցնող ավտոմայրուղին, ինչը հատկապես կարևոր է Հայաստանի համար:
Զուրաբ Աբաշիձեն և Գրիգորի Կարասինը պայմանավորվել են ավարտել 2011-ի համաձայնագրի իմպլեմենտացիան և անցնել պայմանագրերի ձևակերպմանը շվեյցարական SGS ֆիրմայի հետ, որը կվերահսկի ապրանքների և բեռների փոխադրումը ՌԴ-ից Վրաստան և հակառակ ուղղությամբ: Այդ նպատակով առաջիկայում եռակողմ ռուս-վրացա-շվեյցարական աշխատանքային խումբ կձևավորվի: Այդ մասին հայտարարել է Աբաշիձեն:
Այդպիսի համակարգը թույլ կտա կողմերին խուսափել սահմանին բեռների մաքսային ձևակերպման նուրբ հարցից:
Մինչ օրս համաձայնագրի պրակտիկ իրականացումն արգելակվում էր, քանի որ Մոսկվան ու Թբիլիսին չէին կարողանաում պայմանավորվել գործընթացին Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչների անմիջական մասնակցության հարցում: Սուխումում և Ցխինվալում սպառնում էին արգելակել բեռների տեղաշարժը, եթե չլինեն համաձայնագրի լիիրավ մասնակիցներ, սակայն այդ տարբերակին դեմ էր Թբիլիսին:
Այն հարցին, թե արդյոք ՌԴ-ն հրաժարվել է Աբխազիային և Հարավային Օսիային բանակցություններում ներգրավելու գաղափարից և նրանց հետ «տեխնիկական համաձայնությունից», Աբաշիձեն դիվանագիտական պատասխան է տվել. «Մենք հաստատել ենք, որ 2011-ի համաձայնագիրը կնքվել է երկու երկրի՝ ՌԴ և Վրաստանի միջև, իսկ երրորդ կողմ կարող է դառնալ միայն Շվեյցարիան»:
Նյութը պատրաստեց armtimes.com-ը: