Անապահովության գնահատման համակարգում կան բազմաթիվ չափորոշիչներ և գործոններ, որոնցով գնահատվում է անապահովության մակարդակը:
Սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Ապահովության համակարգը համապատասխան չափորոշիչներով գնահատում է յուրաքանչյուր ընտանիքի անապահովության մակարդակը: Դրա վրա բազմաթիվ ցուցանիշներ և գործոններ են ազդեցություն ունենում, նաև, բնականաբար, եկամուտ ունենալը կամ չունենալը: Եկամուտների հետ կապված՝ կարողանում ենք ճշտել՝ ինչքան եկամուտ կա տվյալ ընտանիքում, իսկ եթե ընտանիքում կա բացակա անդամ, մնում է ճշգրտել նրա բացակայության հանգամանքը, որը պետք է հաշվի առնվի անապահովության գնահատումն իրականացնելիս»,- ասաց Ասատրյանը:
Նախարարի խոսքով` այս մեթոդաբանությամբ փորձ է արվում լուծել հիմնարար խնդիրը, որը նաև արծարծում են հասարակության լայն շերտերը, այն է` պետք է բարձրացնել անապահովության գնահատման համակարգի հասցեականությունը, և լինի այնպես, որ այն ընտանիքները, որոնք ապահով են, չօգտվեն նպաստից, իսկ անապահովները` օգտվեն:
«Այսօր համակարգում նպաստ ստացողների թվում են նաև աշխատող անձ ունեցող ընտանիքները: Այսինքն` աշխատավարձ ստանալը չի նշանակում զրկվել նպաստից: Աշխատավարձը գործոններից մեկն է, որը ազդեցություն է ունենում անապահովության միավորի վրա»,- ասաց Ասատրյանը: