ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Քաջարանում քաղաքացու ավտոմեքենան այրելու դեպքի բոլոր հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել փեսային:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
2017թ. հուլիսի 19-ին՝ ժամը 04:25-ին, ահազանգ էր ստացվել առ այն, որ Քաջարան քաղաքի շենքերից մեկի բակում ավտոմեքենա է այրվում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենան հրկիզվել է դիտավորյալ կատարված գործողությունների արդյունքում:
Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ փեսան անձնական խնդիրներում՝ կնոջից փաստացի ամուսնալուծվելու հարցում, մեղադրել է աներոջը և 2017թ. հուլիսի 19-ին՝ ժամը 03-ի սահմաններում, բենզինը լցնելով աներոջը պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածին՝ այրել և հրկիզման եղանակով վնասել է այն:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ փեսային մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: