Առնվազն 224 մարդ է զոհվել սեպտեմբերի 19-ին Մեքսիկայի հարավում տեղի ունեցած 7,1 մագնիտուդով երկրաշարժից: Այդ մասին սեպտեմբերի 20-ին հայտնել է Reuters գործակալութունը՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարար Միգել Անխել Օսորիո Չոնգին:
Հանրապետության քաղաքացիական պաշտպանության ուժերի ազգային համակարգող Լուիս Ֆելիպե Պուենտեն ավելի վաղ հայտնել էր երկրաշարժի հետեւանքով 149 զոհվածների մասին:
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 13:14-ին (Գրինվիչով՝ 18:14-ին): Ինչպես հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Պուեբլայի նահանգի Ատենսինգո քաղաքից ոչ հեռու՝ Մեխիկոյից մոտավորապես 120 կմ հեռավորության վրա:
Մեխիկոյում ավերվել են տասնյակ տներ: Տեղի օդանավակայանը փակ է, քաղաքի բազմաթիվ շենքերի բնակիչներ տարհանված են: Առնվազն 3,8 մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության: Շատ շրջաններում խափանված է հեռախոսային կապը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: